Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխատարաններ, քննարկումներ. «Ոսկե ծիրանը» մեկնարկ տվեց «Գաիֆ Պրո» կինոյի զարգացման հարթակին

Աշխատարաններ, քննարկումներ. «Ոսկե ծիրանը» մեկնարկ տվեց «Գաիֆ Պրո» կինոյի 
զարգացման հարթակին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնին անցկացվող «Գաիֆ Պրո» (GAIFF Pro) արտադրական հարթակը կինոոլորտի սկսնակ և հասուն ներկայացուցիչներին հնարավորություն կտա մասնակցելու հետաքրքիր աշխատարանների, քննարկումների, կրթական դասընթացների, որոնք վարում են արտերկրից ժամանած բարձրակարգ մասնագետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ):

«Մեր նպատակն է այստեղ ներգրավել կինոհասարակությանը, կինոյով հետաքրքրված մարդկանց, ուստի նախաձեռնությունների մեծ մասը հանրության լայն շրջանակի համար բաց է: Նախատեսվում են միջոցառումներ, որոնց շրջանակում և՛ հայաստանցի, և՛ արտերկրից ժամանած մասնագետները խոսելու են կինոյին վերաբերող տարբեր հարցերի շուրջ, անդրադառնալու են կինոյում արխիվային նյութերի օգտագործմանը, պահպանմանն ու վերականգնմանը, կինոքննադատությանը, ոլորտի խնդիրներին, ներկայացվելու են այն մեթոդները, թե ինչպես է պետք գնել ֆիլմը, այն տարածել ու վաճառել այլ երկրներում և այլն»,-պատմեց «Գաիֆ Պրոյի» ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը:

Խոսելով հարթակի նախապատմության մասին՝ «Ոսկե ծիրանի» համահիմնադիր, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը հիշեցրեց՝ դեռ 2007 թվականից կինոփառատոնը կյանքի է կոչել «Ռեժիսորներ առանց սահմանների» հարթակը, որը միտված է եղել երիտասարդ ռեժիսորների, պրոդյուսերների նախագծերի զարգացմանը, փաթեթավորմանն ու ներկայացմանը:

«Շատ ֆիլմեր, որոնք նկարահանվեցին 2008-2009-ից հետո, և արժանացան «Ոսկե ծիրանի» մրցանակների, այդ հարթակի արդյունքն են: Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, 2014-ին մեր հարթակում ներկայացված կինոնախագծերից էր: «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը հետագայում ընդհատվեց ֆինանսական և այլ պատճառներով, սակայն ես ուրախ եմ, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում ստեղծվեց նոր թիմ, որը ձևավորեց «Գաիֆ Պրո» հարթակը և նախկին հիմքի վրա կառուցեց նոր գաղափարներով ու առավել ընդլայնված, ամբիցիոզ ծրագիր, որի պոտենցիալը հայկական կինոինդուստրիայի համար արդեն երևում է»,- շեշտեց Հարությունյանը:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին անցկացվում է հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել աշխարհի տարբեր մասերում նկարահանված ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատերազմներին՝ հանդիսատեսին օգնելով խորհել տարբեր իրողությունների շուրջ, իսկ միջազգային ճանաչում վայելող կինոգործիչները, որոնք ժամանել են Հայաստան, վարպետության դասեր կանցկացնեն:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]