Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Փաշինյանը հայտարարեց ԶՊՄԿ-ի ներդրումային ծրագրով  մինչև 5 հազար աշխատատեղերի ստեղծման հեռանկարի մասին

Փաշինյանը հայտարարեց ԶՊՄԿ-ի ներդրումային ծրագրով  մինչև 5 հազար աշխատատեղերի ստեղծման հեռանկարի մասին

ՎԻԼՆՅՈՒՍ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսում է իրականացնել աննախադեպ ծավալի` 350 մլրդ դրամի կապիտալ ծրագրեր, որոնք իրենց հերթին բերելու են նոր աշխատատեղեր: Լայն թափով շարունակվելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, առաջիկա հինգ տարիներին երկրում կառուցվելու կամ հիմնանորոգվելու են մի քանի հարյուր դպրոցներ ու մանկապարտեզներ, շարունակվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքները:  «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը։

«Մեր խնդիրն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ստեղծագործական ընդունակություններով սեփական բարեկեցությունը բարելավել»,- ասաց  վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունն վերջին երկու տասնամյակում առաջին անգամ փայաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում` հանքարդյունաբերական ամենախոշոր ընկերությունում: «Հույս ունենք որ պետության փայաբաժինը ժամանակի հետ կավելանա: Սա ուղղակի փայաբաժնի առք ու վաճառք չէ, այլ մի մեծ ներդրումային ծրագիր է, որն իրականացվելու է կառավարության աջակցությամբ` մասնավոր ընկերության կողմից: Այսօր, երբ Հայաստանի արտահանման կառուցվածքն ուսումնասիրենք, կտեսնենք, որ մի հսկայական մասն ուղղակի խտանյութ է, որը հիմնականում արտահանվում է Եվրոպական միություն, որտեղ դրանից ձուլում են պղինձ: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի պղնձաձուլարան, ինչը նշանակում է հազարավոր աշխատատեղերի ստեղծում»,- հայտնեց վարչապետը` հավելելով, որ արդյունքում ՀՀ-ում կարտադրվի պղինձ: «Այս ներդրումային ծրագրի շրջանակում, տարբեր գնահատականներով, առաջիկա տարիներին մինչև 5 հազար աշխատատեղ կստեղծվի: Այդ հարցը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` կառավարությունը փնտրում և գտնում է գործընկերներ, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]