Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կանաչ մշակույթի զարգացմանն այլընտրանք չկա. PROFAL-ի գլխավոր տնօրենը՝ նորաստեղծ O2 Gardens-ի մասին

Կանաչ մշակույթի զարգացմանն այլընտրանք չկա. PROFAL-ի գլխավոր տնօրենը՝ 
նորաստեղծ O2 Gardens-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքը, ուր ապրում ենք, միայն շենքերը, ճանապարհներն ու գորշ ասֆալտը չեն: Քաղաքային ենթակառուցվածքը շնչող օրգանիզմ է՝ մարդկանց կյանքի վրա իր անմիջական ազդեցությամբ: Որքան բնակավայրերը հարուստ են կանաչ տարածություններով, ջրային ռեսուրսներով, վերականգնվող էներգետիկ ենթակառուցվածքներով, թափոնների կառավարմամբ, այնքան բարելավված է մարդկանց կյանքը: Աշխարհում կայուն զարգացման մոտեցումների որդեգրումն էլ օրեցօր դառնում է բիզնես գործունեություն ծավալող սուբյեկտների համար պարտադիր պայման: Մեր երկրում ևս նկատվում է այս միտումը, երբ բիզնեսը նպատակադրված քայլեր է իրականացնում ու տնտեսական գործունեություն ծավալում կանաչ ենթակառուցվածքների ներդրման ու զարգացման ուղղությամբ:

Հայաստանում լանդշաֆտային ճարտարապետության մշակույթի ձևավորման, հանրահռչակման ու զարգացման տեսլականով առաջ շարժվող ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունն օրերս մասնակցում էր «ARMENIA EXPO 2021» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր նոր կանաչ նախագիծը՝ O2 GARDENS-ը:

«Արմենպրես»-ն ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ զրուցել է նորաստեղծ նախագծի, բնապահպանական խնդիրների լուծման, իրենց տեսլականի ու մոտեցումների մասին:

- Պարոն Ավետիսյան, ո՞րն է կանաչ ճարտարապետությունը և ի՞նչ խնդիրներ է այն լուծում:

Քաղաքների գերբնակեցումը, բնական ռեսուրսների անհատույց սպառումը, տրանսպորտային միջոցների և թունավոր արտանետումների աճը, կանաչ տարածությունների ոչնչացումը բերում է շրջակա միջավայրի պայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության կորստին: Ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու գլոբալ տաքացումը, աղմուկի և օդի աղտոտվածության ավելացումը, ինչն էլ լի է մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերով: Այս պայմաններում է, որ օրհասական անհրաժեշտություն է դառնում կանաչ նախագծերի իրականացումն ու ընդհանրապես հանրային կանաչ տարածությունների ստեղծումն ու պահպանությունը:

Բերեմ մեկ օրինակ, քաղաքային վայրերում կանաչ ենթակառուցվածքների առկայությունը ֆիզիկական խոչընդոտ է քամու և աղմուկի ներթափանցման համար, այն նաև խթանում է գոլորշիացմանն ու ստվերոտ վայրերի ավելացմանը, որն էլ իր հերթին հավասարակշռում ու մեղմացնում է ջերմաստիճանը՝ ամռանն ազատելով տապից, իսկ ձմռանը՝ սաստիկ ցրտից: Այսինքն, կանաչապատ տարածքների ավելացմամբ մենք կարող ենք լուծել կարևոր նշանակության էկոլոգիական խնդիրներ:

Տնտեսական առումով՝ կանաչ տեխնոլոգիաների կիրառումը բարձրացնում է էներգաարդյունավետությունն ու նպաստում ջրօգտագործման խնայողությանը: Սոցիալական առումով՝ բարելավում քաղաքացիների կյանքը՝ նրանց ապահովելով խնամված ու անվտանգ շրջակայքով, ազատելով սթրեսից ու նվազեցնելով նույնիսկ հետիոտների շրջանում մահացությունը:

- Խոսեցիք կանաչապատման կարևորության մասին: Ի՞նչ քայլեր է անում PROFAL-ն այս ուղղությամբ:

- Մենք մեր գործունեությամբ հակված ենք հասանելի դարձնելու ներառական ու մատչելի կանաչ հանրային տարածքներ: Ինչպես գիտեք, վերջերս հանդես եկանք մի պրոյեկտով, որի շրջանակում կանաչապատեցինք Երևանի Բրազիլիայի հրապարակը, որը մեր նվերն էր մայրաքաղաքին: Օգտագործել ենք մեր քաղաքի բնակլիմայական պայմաններին համապատասխանող բազմամյա ծաղիկներ ու բույսեր։ Մոտ 400 քմ տարածքում տնկել ենք շուրջ 2170 բազմամյա ծաղիկներ, մշտադալար ծառեր և թփեր: Ներդրել ենք նաև կաթիլային ավտոմատ ոռոգման ժամանակակից համակարգ, իսկ արդեն բարեկարգված և կանաչապատված այգու  խնամքն ու սպասարկումը ևս իրականացնում է PROFAL-ի թիմը։

Քաղաքային միջավայրի կանաչապատումը պահանջում է գրագետ, հետևողական և լուրջ մասնագիտական մոտեցում: Մենք ունենք կանաչ ճարտարապետության հին ավանդույթներ, որն այսօր, ցավոք, նույն ծավալով չի զարգացվում, իսկ կանաչապատված շատ տարածքներ կարճ ժամանակ հետո կրկին ամայանում են: Կանաչապատումը քաղաքային միջավայրի բարեկարգման և առողջացման արդյունավետ միջոցներից է, և, այս հարցում, ցուցաբերելով պրոֆեսիոնալ մոտեցում, մենք ցանկանում են սկիզբ դնել քաղաքի կանաչապատման նոր մշակույթի ձևավորմանը:

- Խնդրում ենք ներկայացնել նաև O2 GARDENS-ի նախագիծը, Ձեր կողմից բարձրացրած խնդիրների լուծման մեջ ի՞նչ դերակատարություն է այն ունենալու:

- Որպես սոցիալապես պատասխանատու բիզնես, մենք մշտապես փնտրում ենք էկոլոգիական խնդիրների չեզոքացմանն ու վերացմանն ուղղված լուծումներ, որոնցից մեկն էլ մեր երկար պլանավորած ու փայփայած O2 GARDENS-ն է: Այն Հայաստանում իր տեսակի մեջ եզակի նախագիծ է, որը զբաղվում է 1800-ից ավելի բույսերի, ծառերի, թփերի ներմուծմամբ, աճեցմամբ և խնամքով: Այս նախագիծն առաջարկում է ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և լանդշաֆտային  դիզայնի համալիր ծառայություններ, այդ թվում՝ խորհրդատվություն, տարածքի չափագրում-նախագծում, դիզայներական լուծումների առաջարկում և իրականացնում, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում, հետագա խնամք և սպասարկում, այգեգործական մի շարք այլ ծառայություններ: O2 GARDENS-ի վրա աշխատում ու լուրջ ներդրումներ ենք իրականացել՝ սկսած 2018 թվականից, իսկ պաշտոնական բացումը նախատեսում ենք արդեն 2022-ի գարնանը։

Ինչ վերաբերում է էներգաարդյունավետությանն ու ռեսուրսների խնայողությանը, ապա պետք է հպարտությամբ նշեմ, որ այդ հարցը մշտապես եղել է PROFAL ընկերության առաջնահերթությունների ցանկում: Մենք շուկայում հայտնի ենք ոչ միայն որպես եվրոպական բարձրորակ հումքով հայրենական արտադրող, այլև էներգախնայող պատուհանների առաջատար ընկերություն:

Այդ առնչությամբ կարող եմ արդեն հայտարարել, որ պլանավորում ենք նոր ներդրումներ պատուհանների արտադրության ոլորտում, որի արդյունքում կկառուցվի տարածաշրջանում նմանը չունեցող պատուհանների արտադրության գործարան: Այն կաշխատի արևային վահանակներով գեներացված հոսանքով, հաստոցները ևս կունենան էներգախնայող բաղադրիչ, իսկ ստեղծված արտադրանքը՝ պատուհանը, բնականաբար, կլինի էներգախնայող:

Մենք ձգտում ենք նաև բարձրացնել հասարակության շրջանում էկոլոգիական կրթվածության մակարդակը, քանի որ համոզված ենք, որ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու ներդրումը կարևոր է կայուն զարգացման նպատակների իրագործման համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]