Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 30-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

«Ուրախ եմ Ֆրանսիան ներկայացնել մի երկրում, որի հետ իմ երկիրն առանձնահատուկ հարաբերություններ ունի: Կանեմ ամեն ինչ՝ ավելի զարգացնելու երկկողմ կապերը»,- նշել է նորանշանակ դեսպանը և նախագահ Սարգսյանին փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով հայ-ֆրանսիական արդեն իսկ ընդգրկուն օրակարգը կհարստացվի նոր գաղափարներով և նախաձեռնություններով:

«Նախագահ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը լուրջ հիմք են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար:

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանն արժևորում է մեր երկրի համար ծանր ու դժվարին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի ժողովրդի աջակցությունն ու համերաշխությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցության տարբեր ոլորտներին: Նախագահ Սարգսյանը հեռանկարային է դիտարկել գործակցությունը նորագույն տեխնոլոգիաների բնագավառում: Նա ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որը, լինելով ապագային միտված ծրագիր, կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական, կրթական զարգացման վրա: Համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան նաև ֆրանսիական մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ: «Հայաստանը Ֆրանսիայի աջակցությամբ կարող է կառուցել ապագայի լոկոմոտիվները, դրանք տեխնոլոգիական լոկոմոտիվներն են»,-նշել է նախագահը:

Խոսվել է նաև կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման մասին, որոնց միջոցով, ինչպես նշել է դեսպանը, ֆրանսիական կողմը պատրաստ է Հայաստանում ներդնել իր փորձը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]