Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի մշտական ներկայացուցիչը` պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված ծրագրերի մասին

Արցախի մշտական ներկայացուցիչը` պատերազմի հետևանքների հաղթահարմանն 
ուղղված ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ուղղված աջակցության ծրագրից օգտվել է Արցախի ավելի քան 101 հազար քաղաքացի, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 7 մլրդ 500 մլն դրամ աջակցություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված քննարկման ընթացքում հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված, ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին:

«Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրվել է 300 000 դրամ աջակցություն, ծրագրից օգտվել է 36 հազար քաղաքացի, տրամադրվել է շուրջ 11 մլրդ դրամ աջակցություն: Պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող արցախցիներին տրամադրվել է միանվագ 250 000 դրամ աջակցություն: Շահառուների թիվը՝ 5 400 քաղաքացի: Իսկ Արցախի քաղաքացիություն ունեցող մինչև 5 տարեկան երեխաներին տրամադրվել է միանվագ 20 000 դրամ աջակցություն, ծրագրից օգտվել է շուրջ 14 700 երեխա, ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 290 մլն դրամ»,- նշել է Սերգեյ Ղազարյանը:

Ըստ զեկուցողի՝ Արցախում բնակության հնարավորություն կորցրած արցախցիներին հյուրընկալելու համար իրականացվել է մի քանի միջոցառում. «Երկու միջոցառման շրջանակներում 9-ամսյա աջակցություն է տրամադրվել արցախցի ընտանիքներին հյուրընկալող քաղաքացիներին: Երկու միջոցառման դեպքում էլ ՀՀ-ում հյուրընկալած ֆիզիկական անձին յուրաքանչյուր չափահաս արցախցու հյուրընկալման համար տրամադրվել է ամսական 30 000 դրամի չափով աջակցություն: Մինչև 2021 թ. մայիս միջոցառման շահառու են համարվել նաև Արցախում հյուրընկալվողները, որոնց տրամադրված աջակցությունը յուրաքանչյուր չափահաս արցախցու համար կազմել է ամսական 45 000 դրամ: Ծրագրերի միջոցով մինչ օրս հյուրընկալվել է միջինը ամսական շուրջ 10 հազար չափահաս քաղաքացի, տրամադրվել է շուրջ 2 մլրդ 600 մլն դրամ աջակցություն: Նման միջոցառում է նաև 2020 թ. պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին աջակցելու նպատակով: Նախորդ ծրագրերի սկզբունքով տրվել է 30 000 դրամ աջակցություն»:

Արցախի մշտական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվել է յուրաքանչյուրին 1-5 մլն դրամ միանվագ աջակցություն: Բացի այդ, իրականացվել է Արցախի բնակչության կոմունալ ծախսերի ֆինանսավորում՝ շուրջ 8 մլրդ 600 մլն դրամի չափով: Նաև իրականացվել է արցախցիների կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի, առողջապահական ծախսերի ֆինանսավորում՝ շուրջ 28 մլրդ 800 մլն դրամի չափով:

Սերգեյ Ղազարյանի տվյալներով՝ պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող արցախցիների թիվը կազմում է 20 717 մարդ կամ 5 343 ընտանիք: Նրանց 30 տոկոսը բնակվում է Երևանում, 70 տոկոսը՝ ՀՀ մարզերում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]