Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Ապրել, հզորանալ. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցը հանրությանը ներկայացրեց իր ֆոտոպատմությունը

Ապրել, հզորանալ. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցը հանրությանը 
ներկայացրեց  իր ֆոտոպատմությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով՝ ստեղծել է «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմությունը: Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆոտոպատմության եռօրյա ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին Հայաստանի նկարիչների միությունում:

Միքայելը շեշտեց, որ մարտի դաշտում ամենակարևորը զինվորական առաքելությունն է, բայց լուսանկարչի համար ամեն մի կադրը պատմություն է դառնում, հատկապես պատերազմի դաշտում: «Եթե ես ժամանակ ու հնարավորություն ունենայի, կլուսանկարեի 30, 40, 50 հազար կադր մեկ օրում, բայց ստիպված մեկ կադր էի նկարում ու փորձում ներկայացնել ամբողջ օրը՝ մեկնաբանելով որպես պատերազմի խաղաղ կողմը»,-պատմեց Միքայելն ու հավելեց, որ անդրադարձել է խաղաղ կողմին, քանի որ ամեն խաղաղության մեջ կա չնչին դաժանություն, ոչ մարդասիրական կողմ և հակառակը:

Պատերազմի ընթացքում Միքայելը շատ կորուստներ է ունեցել: Այսօր ամեն քայլ անելիս իր անմահ ընկերներից ասես հարցնի, թե ինչն է ճիշտ: «Գիտեմ, որ նրանք ցանկանում են՝ մենք ուժեղանանք, ավելի պատրաստված լինենք»,-եզրափակեց Միքայել Նազարենկոն:

Ցուցահանդեսին առաջին անգամ ցուցադրվեց նաև Նազարենկոյի «1080 ժամ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ:

Ցուցահանդեսին ներկա էին ոչ միայն Նազարենկոյի ընկերները, մտերիմները, պարզապես հետաքրքրասերներ, այլև հոգևորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Կարճամետրաժ կինոնկարը դիտելուց հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ Միքայելն ու իր որդին միասին են ծառայել:

«Սեպտեմբերի 30-ին իմ տղայի ընկերը վիրավորվել էր: Գնացինք Մարտունի: Այնտեղից ընկերներիս միջոցով գնացի որդուս տեսնելու: Ինձ ուղեկցում էր ուսանողական ընկերներիցս մի գնդապետ, որը միշտ շեշտում էր, որ շատ բան է տեսել կյանքում: Երբ  կարճ ժամանակով  տեսանք տղայիս, դիրքը, հետո արդեն վերադառնում էինք, ընկերս ասաց, որ նման բան չէր պատկերացնում»,-պատմեց Դումանյանն ու հավելեց, որ այս սերունդն ապացուցել է, որ այս երկրի տերն է:

Նախարարն ընդգծեց, որ խոնարհվում է բոլոր հրամանատարների առջև: «Ֆիլմում հնչեց այն միտքը, որ կարգապահությունն ամեն ինչ է. գուցե զինվորի համար հրամանատարի խստապահանջությունը հաճելի չէ, բայց կյանք արժե: Խոնարհվում եմ այն բոլոր հրամանատարների առջև, որոնք կյանքեր են փրկել իրենց զինվորական խստապահանջությամբ»,-ասաց նա:

Դումանյանի խոսքով՝ պետք է ապրել, աշխատել, պայքարել, հզորանալ և խաղաղություն պարտադրել, խաղաղ ճանապարհով լուծել մեր խնդիրները, իսկ դրա ամենալավ ճանապարհը կրթված հասարակություն, կրթված երիտասարդություն ունենալն է: «Պետք է հաղթել գիտելիքով»,-շեշտեց նախարարը՝ մաղթելով, որ այսուհետ միայն հաղթանակների մասին ֆիլմեր նկարահանվեն:

Նախագիծն իրականցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո: Աջակիցներն են «Ֆորմիկա Արտ» կազմակերպությունը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնը», «ՀՌՀ Ուսանողական խորհրդը» և «Oprint»-ը:

Նախագիծը կազմակերպում է «Ալամեզոն» ընկերությունը «Նկարիչների միության» հետ համատեղ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]