Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջանքեր ներդնենք ազգի համախմբան համար. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

Ջանքեր ներդնենք ազգի համախմբան համար. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ուղերձում նշել է, որ պետք է ջանքեր ներդնել ազգի համախմբան համար:

«Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև:

Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները և մեր ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում։ Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրումի ոգի, համախմբում և միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։ Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբան, անհանդուրժողականության ու անհամերաշխության հաղթահարման։ Քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ զորանանք և զորացնենք մեր պետականությունը, ազգային-հասարակական մեր կյանքը՝ ամուր պահելով հույսի, հավատի, սիրո և արդարության ուղիներում։ Մաղթում ենք, որ մեր ժողովրդին միշտ լսելի լինի հայրենիքը պաշտպանելու, միասնական լինելու պատգամը, որ թողնում են մեզ հանուն Արցախի անկախ կյանքի և հանուն մեր լուսավոր ապագայի նահատակված մեր քաջորդիները:

Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենյաց պաշտպան մեր զոհված հերոսների համար, հայցում մխիթարություն նրանց հարազատներին, ապաքինում մաղթում վիրավորներին և վերադարձ գերյալներին ու անհայտ կորածներին։ Մեր հայցն  է առ Աստված, որ Տիրոջ հանապազ օրհնությունը խաղաղության, ապահով ու անվտանգ կյանքի մեջ պահի մեր ժողովրդի զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, այսօր և միշտ. ամեն»,-ասված է ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]