1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալավերդիում հանդիսավորությամբ բացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը

Ալավերդիում հանդիսավորությամբ բացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը

ԱԼԱՎԵՐԴԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Ալավերդի քաղաքում սեպտեմբերի 25-ին հանդիսավորությամբ բացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը, որը նվիրված է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի մեկնարկի կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը՝ բարի երթ և երկարակեցություն մաղթելով փառատոնին, ինչից հետո ընթերցվեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը։

90-ամյա հոբելյանի կապակցությամբ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները շնորհավորանքներ, պատվոգրեր ու նվերներ ստացան Ալավերդու համայնքապետի կողմից։

Ապա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը բարի ընթացք մաղթեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնին։ «Մեծ պատասխանատվություն է «Թատերական Լոռի» փառատոնը սկսել մեզանով, ինչը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող։ Թումանյանի «Անուշ»-ը, մեր «Անուշ»-ը սիրով բերել ենք Ալավերդի՝ այն բոլորինս դարձնելու նպատակով»,- իր ելույթում ասաց Լուսինե Սահակյանը։

Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն էլ ողջունեց հանրապետության ամենաերկարակյաց փառատոնի մեկնարկը։ «Անչափ ուրախ եմ, որ Ալավերդին շարունակում է այս հրաշալի փառատոնը։ Հանրապետության ամենաերկարակյաց փառատոնն է «Թատերական Լոռի»-ն և դրանով արդեն բացառիկ ու շատ կարևոր։ Եվ դրանով արդեն մենք՝ լոռեցիներս, հպարտանալու շատ մեծ տեղ ունենք։ Անշո՛ւշտ, ես չեմ կարող այսօր չհիշել այս փառատոնի հիմնադիրներին և մասնավորապես մեր լոռեցի, հանրապետության ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին։ Եվ այսօր այդ շատ կարևոր գործը շարունակեց և այս փառատոնը միջազգային դարձրեց Հրաչյա Պապինյանը, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը», - իր ելույթում նշեց Վահե Շահվերդյանը։

Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը նվեր և դիպլոմ հանձնեց Վահե Շահվերդյանին՝ Աբելյանի անվան թատրոնի 90-ամյակի և Լոռիում, մասնավորապես, Ալավերդիում թատերարվեստի գործում ունեցած անուրանալի վաստակի համար։

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի զանգը հնչեցնելու պատիվը տրվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանին։ Փառատոնի բացումը նշանավորվեց Հովհ․ Աբելյանի անվան թատրոնի «Անուշ»-ով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]