Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նկարիչ-ավանգարդիստ Լյուբով Պոպովայի բացառիկ գործերը ցուցադրվեցին Երևանում

Նկարիչ-ավանգարդիստ Լյուբով Պոպովայի բացառիկ գործերը ցուցադրվեցին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանը,  որն իր առաքելություններից է համարում ժամանակակից հավաքորդների հավաքածուներում պահվող ստեղծագործությունները լայն հանրությանը ներկայացնելը, իր հարկի տակ է հյուրընկալել 20-րդ դարի հանրահայտ նկարչուհի Լյուբով Պոպովայի երկու անհայտ գործ՝ Վարդան Ասծատրյանի  հավաքածուից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կազմակերպված «Լյուբով Պոպովա. ավանգարդիստը Նովինսկի ծառուղուց» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր  արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին:

Վարդան  Ասծատրյանը, որը Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրն է, ասաց՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գորգերից զատ Արցախից տարհանել են 50-ից ավելի գեղանկարչական աշխատանքներ: «Շատ էի ցանկանում Շուշիում կազմակերպել իմ հավաքածուի գործերի ցուցադրությունը, որը կկրեր «Հայտնի նկարիչների անհայտ աշխատանքները» խորագիրը: Աշխարհում շատ հզոր աշխատանքներ կան, որոնք արվեստասերներից շատերին ծանոթ չեն. մարդիկ իրավունք ունեն տեսնել դրանք»,-շեշտեց հավաքորդը:

Ասծատրյանն ասաց՝ կտավներից մեկը կուբաֆուտուրիստական է, մյուսը՝ սուպրեմատիստական: «Ֆուտուրիզմն ապագայի զարգացումն է: Մեր երկրում հիմա շատերին է հետաքրքիր, թե ինչ կլինի մեր ապագան: 1920-ականներին կտավները նկարելիս նույն հարցը հուզել է  նաև Պոպովային»,-շեշտեց նա ու հավելեց, որ նմանատիպ գործեր Երևանում շատ չեն ցուցադրվում: Չի բացառվում, որ ապագայում հավաքորդը, համագործակցելով այլ թանգարանների հետ, ներկայացնի հավաքածուի մյուս արժեքավոր կտավները:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ իրենց համար պատիվ է Պոպովայի աշխատանքները ցուցադրելը: Փորձել են ցուցադրությունը մատուցել կուբիստական  ձևաչափով:

Անդրադառնալով Եվրոպական ժառանգության օրերին՝ Մկրտչյանն ընդգծեց, որ ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներում մի շարք միջոցառումներ են կազմակերպվում, աշխարհում իրականացվում է ավելի քան հիսուն տարի: «Հայաստանը ևս միացել է ծրագրին, որը նպատակ ունի հանրությանը ներկայացնելու այն մշակութային ժառանգությունը, որն առօրյայում փակ է հասարակության լայն շրջանակի համար: Մեր թանգարանը, հիմնված լինելով Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի վրա, ձգտում է համագործակցել հավաքորդների հետ ու հանրայնացնել նրանց գործերը: Հենց այս նպատակով ենք աշխատել թանգարանի լավ բարեկամ Վարդան Ասծատրյանի հետ»,-ասաց Մարինե Մկրտչյանը:

Պոպովայի ստեղծագործությունները ստացել են «Տարածական-ուժային կառուցվածքներ» անվանումը:  Դրանց  կոմպոզիցիայի հիմքում  հորիզոնական և ուղղահայաց կամ թեք գծերն են, որ կարծեք, կախված են  վերացական տարածության մեջ:

Առավել ուշագրավ են հեղինակի կուբիստական ստեղծագործությունները, որոնք  մարդկային կերպարներով կազմված կոմպոզիցիաներ են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]