Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Ալեքսանդր Սպենդիարյանի գործունեությանը վերաբերող բացառիկ իրերը ներկայացվեցին մեկ ցուցահանդեսում

Ալեքսանդր Սպենդիարյանի գործունեությանը վերաբերող բացառիկ իրերը 
ներկայացվեցին մեկ ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» ցուցահանդեսում ընդգրկված են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաները, գրականությունը, սկավառակները, ձայնապնակներն ու հայաստանյան, արտասահմանյան համերգների ազդագրերը: Ցուցանմուշներն ընդգծում են Սպենդիարյանի արժեքը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում:

«Այս ցուցահանդեսը միտված է մեր հարուստ մշակութային ժառանգությունը ևս մեկ անգամ  ներկայացնելուն, արժևորելուն»,-ասաց Ազգային գրադարանի Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:

Նա շեշտեց, որ ցուցահանդեսը կյանքի է կոչվել Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում: Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն միջոցառումներից է, որին մասնակցում են  բազմաթիվ երկրներ. կազմակերպվում է 70 հազար միջոցառում՝ ապահովելով մոտ 30 մլն այցելու: «Արդեն երկու տասնամյակ է, որ Հայաստանը միացել է այս նախաձեռնությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամեն տարի բազմաբնույթ միջոցառումներ է իրականացնում՝ ուղղված հասարակության կողմից եվրոպական ժառանգության  մասին իրազեկվածության բարձրացմանը, որի կարևոր մասն է  հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը»,-ընդգծեց Ազգային գրադարանի Գրատպության թանգարանի վարիչը:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն էլ հիշեցրեց, որ տարին սպենդիարյանական է, քանի որ նշվում է մեծ կոմպոզիտորի 150-ամյակը: «Հոբելյանին կազմակերպված միջոցառումները ոչ միայն համերգային են, այլև ունեն գիտական, հրատարակչական և այլ ուղղվածություն, իսկ այսօրվա ցուցադրությունն ընդգծում է Սպենդիարյանի  ժառանգության եվրոպական նշանակությունը, որովհետև նրա ոչ միայն ստեղծագործությունները, այլև նրա կյանքն ու կենցաղն են կրում   եվրոպական արժեքներ, որոնք Սպենդիարյանը սինթեզեց մեր ազգային արժեքների հետ և կարողացավ ցույց տալ, թե ինչ բարձր  կարող է լինել եվրոպական և արևելյան արժեքների համակեցության արդյունքը»,-ասաց Օթարյանը:

Տուն-թանգարանի տնօրենը հավաստիացրեց, որ տարվա ընթացքում իրականացվող միջոցառումների ընթացքում դեռ շատ բան կարող ենք բացահայտել Սպենդիարյանի կյանքից: «Նոյեմբերի 1-ին պատրաստվում ենք նշել կոմպոզիտորի ծննդյան օրը: Մինչ այդ համերգներ և դասախոսություններ, ցուցահանդես կկայանա Լոնդոնում, հետո՝  Վրաստանում, այնուհետև Հայաստանում: Գիտական նստաշրջան է սպասվում Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, որից հետո դասական համերգ կլինի Գյումրիում»,-տեղեկացրեց Օթարյանը:

Նրա խոսքով՝ հատկապես այս ծանր օրերին մեր ազգային արժեքները գնահատելն ու դրանցով առաջնորդվելը չափազանց կարևոր է:

Ցուցադրությունը կգործի երկու օր:

Միջթանգարանային համագործակցության շրջանակներում ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]