Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԽ համանախագահները ողջունել են պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը

ՄԽ համանախագահները ողջունել են պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ 
նախարարների առաջին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի Գլխավոր դեբատի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները նաև երկու արտգործնախարարների հետ համատեղ հանդիպում են ունեցել: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են  Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված կարևոր հարցերի լայն շրջանակ: Համանախագահներն առաջարկել են հատուկ թիրախային միջոցներ իրադրության դեէսկալյացիայի նպատակով, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը: Համանախագահները հայտնել են իրենց շարունակական ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու նրա թիմի կողմից ձեռնարկվող անհրաժեշտ գործողությունների ու քայլերի ողջ շրջանակին:

Սեպտեմբերի 24-ին համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի ու ԵԱՀԿ գործող նախագահ, արտգործնախարար Անն Լինդեի հետ՝ ներկայացնելով նրանց նախորդ տարվա իրենց ջանքերը, այդ թվում և ամենավերջին զարգացումները:

Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ի նշան երկու երկրների վճռականության՝ կրկին ներգրավվել խաղաղության գործընթացում ուղղակի երկխոսության միջոցով՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման խթանմանը:  Համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը` իրենց մանդատի համաձայն շարունակել կողմերի հետ աշխատանքը` գտնելու համապարփակ լուծումներ մնացած բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրա հետևանքն են»:

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը:

ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հայտնի սկզբունքների և տարրերի  հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը առաջնահերթ են համարել տարածաշրջանում առկա իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու իրենց մանդատի համաձայն աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և հակամարտության արդյունքում առաջացած առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]