Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Ջութակահար Աշոտ Ճենտերեճյանի հիշատակը նշանավորվեց երաժշտին նվիրված համերգային ծրագրով

Ջութակահար Աշոտ Ճենտերեճյանի հիշատակը նշանավորվեց երաժշտին նվիրված 
համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արմեն և Աշոտ Ճենտերեճյան ջութակահարների դուետը տարիներ շարունակ հնչեցրել է հայտնի և անհայտ բազմաթիվ ստեղծագործություններ:

Երկվորյակ եղբայրներն իրենց անզուգական նվագով նորովի են ընդգծել ջութակի առավելություններն ու հանդիսատեսին հնարավորություն տվել ավելի սիրել այն:

Աշոտ Ճենտերեճյանի հիշատակը հարգելու նպատակով Արմեն Ճենտերեճյանը համերգային ծրագիր էր նախաձեռնել՝ նվիրված անժամանակ կյանքից հեռացած եղբորը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, բեմում էր Արմեն Ճենտերեճյանը, իսկ Աշոտ Ճենտերեճյանի փոխարեն նրան ընկերակցում էին հայրենիքում ապրող և տարբեր երկրներից ժամանած իրենց ուսանողներն ու գործընկերները:

Ելույթ ունեցան ջութակահար Արմեն Ճենտերեճյանը, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սեդրակ Երկանյան), Կանադայից ժամանած ջութակահար Մարտիկ Բազարյանը, Գերմանիայում բնակվող ջութակահար Մհեր Դավիդյանը, Լիբանանից ժամանած ջութակահարներ Նարե Աշկարյանն ու Ավետիս Դաքեսյանը, Աշոտ Ճենտերեճյանի որդին՝ կիթառահար Վահագն Ճենտերեճյանը, ջութակահարներ Քրիստինե Չթչյանը, Ստեփան Մատինյանը, թավջութակահար Հենրի Երկանյանը, դաշնակահար Թերեզա Ոսկանյանը:

Դահլիճը լեփ-լեցուն էր և սիրով էր ունկնդրում բոլոր կատարումները:

Երեկոյին հնչեցին Աշոտ Ճենտերեճյանի՝ դասական և հայկական ժողովրդական գործերի փոխադրություննները դուետի համար, Բախի, Վիվալդիի, Պագանինիի, Շոպենի երկերը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Ճենտերեճյանը նշել էր, որ եղբոր հետ ընտրել են երաժշտասերներին երկու ջութակով ներկայանալու ճանապարհը: Դա մտածված կամ հատուկ ծրագրված չի եղել, մյուսներից տարբերվելու միտում ևս չի եղել, ուղղակի իրենք ցանկալի չեն համարել ծեծված արահետներով գնալ:

«Հայտնի, շքեղ տրիոներ, կվարտետներ կան: Կոմիտասի անվան պետական լարային քառյակը պարզապես ֆանտաստիկ է. նրանք լեգենդներ են, նրանցից անընդհատ կարելի է սովորել, վերցնել ու վերցնել, բայց մենք նախընտրեցինք անել մի բան, ինչը դեռ ոչ ոք չէր արել: Լավ էր այնքանով, որ կարծրատիպեր չկային: Մեր նվագացանկի 200, գուցե ավելի ստեղծագործություններից, հավանաբար, չորսը կամ հինգն էին հայտնի: Հաճախ կատարում էինք նաև օտարազգի կոմպոզիտորների աշխատանքներ, որոնք գրվել էին մեզ համար և նվիրվել մեզ: Եղել են դեպքեր, երբ շատ շնորհալի կոմպոզիտորների խնդրել ենք երկու ջութակի համար գործեր գրել, բայց նրանք ասել են, որ չեն լսում երկու ջութակի միաձուլում, և չի հաջողվում գրել: Պետք է նշեմ, որ մեզ հայտնի  ժամանակակից լուրջ կոմպոզիտորական դպրոցներից ամենահարուստ ստեղծագործական բազան երկու ջութակի համար Հայաստանում է: Հետաքրքիր գործեր ունեն Նուբար Ասլանյանը, Էրիկ Հարությունյանը, Էմին Արիստակեսյանը, Էդվարդ Հայրապետյանը, Էդվարդ Սադոյանը և այլք»,- ընդգծել էր Ճենտերեճյանն ու խոստովանել, որ եղբոր հետ ունեցել են բազմաթիվ ստեղծագործական անհամաձայնություններ:

«Շատ լուրջ տղա էր Աշոտը, շատ մեծ քաղաքացի էր, հայրենասեր, սկզբունքային մարդ…Ափսոս, վաղաժամ հեռացավ կյանքից…»,- եզրափակել էր ջութակահարը:

Ծագումով Իզմիրի նահանգից, Հայոց ցեղասպանությունը վերապրած Ճենտերեճյան ընտանիքն աշխարհին տվել է գիտության և մշակույթի գործիչներ, անվանի արվեստագետներ, մանկավարժներ՝ հանրահայտ Մուշեղ Իշխանից մինչև Ճենտերեճյան եղբայրներ ու նոր սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներ: Միմյանցից մշտապես անբաժան Արմեն և Աշոտ Ճենտերեճյաններն իրենց հիասքանչ արվեստը ներկայացրել են թե՛ հայրենիքում, թե՛ աշխարհի տարբեր մայրցամաքներում: Դուետն աշխարհով մեկ հնչեցրել է և՛ հայտնի ստեղծագործություններ, և՛ գործեր, որոնք ժամանակակից կոմպոզիտորները գրել են հատուկ նրանց համար ու նվիրել եղբայրներին: 

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]