Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Տաթև եպիսկոպոս Հակոբյանը մասնակցել է Բուլղարիայի ազգային հերոս Վասիլ Լևսկիի Հայաստանում պատրաստված արձանի բացմանը

Տաթև եպիսկոպոս Հակոբյանը մասնակցել է Բուլղարիայի ազգային հերոս Վասիլ Լևսկիի 
Հայաստանում պատրաստված արձանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Բուլղարիայի Անկախության տոների առիթով, Վառնա քաղաքում, քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող քաղաքային այգում, որտեղ տեղադրված է նաև Հայոց ցեղասպանության հուշարձանը, սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել բուլղար ազգային հերոս, «Ազատության Առաքյալ» կոչումը կրող Վասիլ Լևսկիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին իր բարձր մասնակցությունն է բերել նաև Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի հայոց թեմից, Վասիլ Լևսկիի արձանը Բուլղարիայի Հայերի Միության նվերն է Վառնա քաղաքին և ողջ բուլղար ժողովրդին՝ որպես երախտիքի նշան Հայոց ցեղասպանության տարիներին Բուլղարիայի կառավարության և բուլղար ժողովրդի կողմից ցուցաբերված անգնահատելի օգնության համար: Այն պատրաստվել է Հայաստանում, տուֆ քարից, հայ նշանավոր քանդակագործ Արտակ Համբարձումյանի կողմից՝ հովանավորությամբ Բուլղարիայի Հայերի միության ատենապետ, դոկտոր Հարություն Հովսեփյանի, ինչպես նաև Միության պատվավոր անդամներ Իգոր Սիմոնովի և Օլեգ Կուվարդինի: 

«Բացման արարողության ժամանակ ընթերցվեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ տիար Ռումեն Ռադևի շնորհակալական գիրը, որում նա իր խորին երախտագիտությունն է հայտնել Բուլղարիայի հայ համայնքին նման անգնահատելի նվերի համար:

Այնուհետև ընթերցվեցին Վառնայի քաղաքապետ Իվան Պորտնիխի, ինչպես նաև այլ բարձրաստիճան բուլղար պաշտոնյաների շնորհակալագրերը, որոնք միաժամանակ շնորհավորում էին Բուլղարիայում ապրող հայությանը՝ Հայաստանի Անկախության 30-ամյակի առիթով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառման միջնամասում Բուլղարիայի Հայերի միության անունից ուղերձ է հղել միության գլխավոր քարտուղար Ներսես Կետիկյանը, ով իր խոսքում ընթերցել է նաև Սրբազան Հոր Օրհնության գրից հատված՝ նշելով. «Մենք՝ հայերս, սիրում և պատվում ենք մեր ազգային հերոսներին: Սակայն նույն սիրով և պատվով ենք վերաբերվում բոլոր այն օտարազգի հերոսների հանդեպ, ովքեր իրենց անժխտելի ներդրումն են ունեցել մարդկության ազատության և ազգամիջյան խաղաղության գործում: Իսկ Վասիլ Լևսկին մեր ժողովրդի, մանավանդ այն հատվածի, որ մեկ դարից ավել այլևս ապրում, աշխատում և արարում է Բուլղարիայի հողի վրա, բացարձակ արժեք է, ազատության, խաղաղության և հանդուրժողականության խորհրդանիշ»:

Նշվում է, որ միջոցառման վերջում միության ատենապետ դոկտոր Հարություն Հովսեփյանը ԲՀՄ պատվոգրեր է հանձնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ազատության Առաքյալ Վասիլ Լևսկիի արձանի գաղափարի իրագործման գործում:

Միջոցառման ողջ ընթացքում հնչել են զինվորական, հայրենասիրական և ազգային երաժշտություն և բանաստեղծություններ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]