Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ի զորավարժություններով Ռուսաստանը և Հայաստանը հասկացնում են, որ վերահսկում են իրավիճակը 

ՀԱՊԿ-ի զորավարժություններով Ռուսաստանը և Հայաստանը հասկացնում են, որ 
վերահսկում են իրավիճակը 

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների՝ սեպտեմբերի 24-ին մեկնարկող «Որոտ-2021» վարժանքները, անկախ դրանց ծավալներից, գլոբալ նշանակություն ունեն և լինելու են արտաքին դերակատարների համակ ուշադրության կենտրոնում՝ Հայաստանի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական բացառիկ կարևորության պատճառով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանյան Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը՝ ընդգծելով, որ այդօրինակ զորավարժությունները, որպես կանոն, շատ լուրջ ուղերձ են պարունակում: Տվյալ պարագայում դրանք հասցեագրված են այդ թվում Թուրքիային և Ադրբեջանին:

«Նմանատիպ զորավարժությունների անցկացումը, ըստ էության, ոչ թե տարածաշրջանային, այլ նույնիսկ գլոբալ նշանակություն ունի մեկ պարզ պատճառով, որ Հայաստանը և Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը բացառիկ կարևորություն ունեն աշխարհաքաղաքական իմաստով: Եվ նմանատիպ զորավարժությունների անցկացումը, որպես կանոն, շատ լուրջ «մեսիջ» է պարունակում: Բնականաբար, այդպիսի զորավարժությունները լինում են ամենատարբեր աշխարհաքաղաքական խաղացողների և առաջին հերթին՝ հարավկովկասյան հանրապետությունների և Հարավային Կովկասի շուրջ հավաքված արտաքին դերակատարների համակ ուշադրության կենտրոնում: Նրանց թվում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան: Այնպես որ, այդօրինակ զորավարժությունները, անկախ դրանց ծավալներից, մեծ ուշադրության կենտրոնում են լինում», - մեկնաբանեց Իվան Կոնովալովը՝ շեշտելով, որ զորավարժությունների կարևորությունը որոշվում է այն վայրով, որտեղ դրանք անցկացվում են:

Տվյալ դեպքում զորավարժությունը տեղի է ունենալու Հայաստանում, և դա ՀԱՊԿ-ի զորախաղերի առաջնային կարևորությունն է: Իսկ թե ովքե՞ր և ի՞նչ ձևաչափով են դրանք անցկացնում, ըստ Կոնովալովի՝ այլ հարց է:

«Կարևորն այն է, որ նմանատիպ զորավարժությունները՝ ինչպիսին, օրինակ, «Որոտ-2021»-ն է, կոչված են հասկացնելու շահագրգիռ շատ երկրների ու կողմերի, որ Ռուսաստանի և Հայաստանի հետ կապված իրավիճակը երկուստեք վերահսկողության տակ է», - ընդգծեց զրուցակիցը:

Ռուսաստանցի փորձագետն, ի դեպ, համաձայն չէ այն տեսակետի հետ, որ ռազմական վարժանքները ՀԱՊԿ-ի շրջանակներում հաճախ չեն անցկացվում: Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ զորավարժություններն այս կազմակերպության ներսում հաճախ անց են կացվում երկկողմ ձևաչափով: Այդպիսին էին, օրինակ, այս ամսվա ընթացքում տեղի ունեցած «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունները, որոնք ունեին երկու գլխավոր կողմ՝ Ռուսաստան և Բելառուս, սակայն կային նաև այլ մասնակիցներ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներ:

Ըստ ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության՝ սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ներքին գործերի մարմինների մասնակցությամբ: Զորավարժությունը տեղի կունենա ՀԱՊԿ hավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանի համաձայն:

Առաջին փուլի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների և Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի համահավաք խմբերը լեռնային տեղանքում կմշակեն ուսումնավարժական և կիրառական խնդիրներ: Միաժամանակ տեղի կունենան ՀԱՊԿ հրամանատարաշտաբային վարժանքներ՝ հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով:

 

Արամ Սարգսյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]