Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը ԼՂ խնդրի 
խաղաղ կարգավորման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը, այս առումով կարևորելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի աշխուժացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` հավելելով, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը:

Զրուցակիցները կարևորել են նաև մշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի՝ լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։

Երկու նախարարները քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իրականացվող ջանքերը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]