Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով 
հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ. Ղազինյանը լքել էր հանձնաժողովի նիստը, որի օրակարգում նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ի արտահերթ նիստում:

«Երեք անգամ արդեն ներկայացվել է թեկնածու: Հետևաբար ես որևէ նոր ասելու բան չունեմ: Ձեզ է պատկանում պատասխանատվությունը, հետևաբար դուք ձեր որոշումը կայացրեք և հրապարակեք: Ես դուրս եմ գալիս»,-ասաց Ղազինյանն ու լքեց հանձնաժողովի նիստերի սրահը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ ո՞ւր է գնում պատգամավորը: «Կարող է ձեզ հարցեր ունեն: Հանձնաժողովների անդամներին պետք է պատասխանեք»,-ասաց նա:

Նա դիմելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանին՝ ասաց. «Անընդհատ նույն թեկնածուին բերել, որի հետ չպարզաբանված հարցեր են ծնվում, թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս, որպես ի՞նչ: Կամ բերեք նոր թեկնածու կամ մենք հավերժ այս օրակարգով դատապարտված են արտահերթ նիստ անել 5 տարի: Եթե ընդդիմությունն իր մեջ չի կարողանում գտնել ևս մեկ թեկնածուի, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերի՞ն եք, ձեզ ազատագրե՞նք, ի՞նչ անենք»,-ասաց Քոչարյանն ու հավելեց՝ օրակարգի այդ հարցը պարտավոր են քննարկել անգամ Ղազինյանի բացակայությամբ:

Աբրահամյանն էլ արձագանքեց. «Ինձ թվում է՝ երեք արտահերթ նիստերը արդեն հնարավորություն էին՝ գոհ կամ ոչ գոհ լինելու: Օրակարգի այս մասով ինքս ասելիք չունեմ: Իմ դիրքորոշումն արդեն ձևակերպել եմ, այս պարագայում բնականաբար իմաստ չեմ տեսնում մասնակցելու այս քննարկումներին»:

Ինչ վերաբերում է ընդդիմության առաջադրած թեկնածուին՝ նա ասաց, որ ընդդիմադիր ուժերն այս մասով արդեն քաղաքական որոշում կայացրել են: «Դրա հիման վրա էր Արթուր Ղազինյանը առաջադրվել արդեն չորրորդ անգամ: Այս պարագայում բնականաբար քայլը, որոշումը ձերն է: Եվ, եթե դուք այս անգամ ևս անհրաժեշտ չեք համարում քվեարկել նրա օգտին, դա ձեր իրավունքն է»,-ասաց Աբրահամյանն ու ևս լքեց նիստը:

Հանձնաժողովի նիստում մնացին միայն իշխանական պատգամավորները: Քոչարյանն առաջարկեց ընդդիմությանը բերել այլ թեկնածու:

«Այսօր ստացվեց, որ ամենազբաղվածն ինքն էր, մենք էլ պարապ էինք: Ես էլ քաղաքական բոյկոտ եմ հայտարարում, ինձ որևէ մեկը չի կարող որևէ բան ստիպել: Քանի կբերվի Ղազինյանի թեկնածությունը, ես չեմ մասնակցի քվեարկություններին և առհասարակ նիստերին»,-ասաց Քրիստինե Պողոսյանը:

ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանն էլ ասաց, որ չի պարտադրում «Հայաստան»-ին բերել այլ թեկնածու,բայց իրեն ոչ ոք չի կարող պարտադրել ընտրելու կոնկրետ թեկնածուի, ինքը ընտրում է իր խղճով և համոզմունքով: Վահագն Ալեքսանյանն էլ նշեց, որ հետաքրքիր հարցեր ուներ Ղազինյանին, սակայն զրկված է այդ հնարավորությունից:

Նիստը ընդմիջվեց 10 րոպեով, որից հետո քվեարկություն եղավ, որին մասնակցում էին միայն իշխանական պատգամավորները, այսպիսով` Ղազինյանը չորրորդ անգամ ևս չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]