Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Արցախի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Պետդումայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Արցախի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Պետդումայի 
ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի կայացած ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը շեշտել է, որ քվեարկության արդյունքները ակնառու կերպով ցույց են տվել ռուսական հասարակության աջակցության ու վստահության բարձր մակարդակը Ռուսաստանի ղեկավարության ռազմավարական ուղեգծի հանդեպ։

«ՌԴ ռազմավարությունը միտված է երկրի հետագա զարգացմանը, միջազգային հեղինակության ամրապնդմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Վստահ եմ, որ նոր գումարման Պետական Դուման շարունակելու է նպաստել ռուս և հայ ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ընդլայնմանը և խորացմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանն ու երկարատև խաղաղության հաստատմանը»,- նշել է Հարությունյանը։

Դումայի քվեարկության միասնական օրն այս տարի անց է կացվել սեպտեմբերի 17-19-ը։ Իշխող «Միասնական Ռուսաստան»-ը Պետդումայի ընտրություններում հաղթանակ է տարել։ Քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետո իշխող կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 54.21 տոկոսը: Երկրորդ տեղում «Կոմունիստական կուսակցություն»-ն է, որը ստացել է ձայների 13.53 տոկոսը: Վերջինիցս չնչին տարբերությամբ հետ է մնում «Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն»ը՝ ստանալով ընտրողների ձայների 13.28 տոկոսը: Եվ վերջապես, թվով չորրորդ կուսակցությունը, որը կարողացել է հաղթահարել Պետական դումա անցնելու համար անհրաժեշտ նվազագույն 5 տոկոսանոց արգելքը, «Արդար Ռուսաստան» կուսակցությունն է 6.19 տոկոս ձայներով:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]