Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նրանք զոհեցին իրենց կյանքը, որ մեր երկիրը չկորցնի իր անկախությունը. զինվորական

Նրանք զոհեցին իրենց կյանքը, որ մեր երկիրը չկորցնի իր անկախությունը. զինվորական

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը նշում է ծանր պայմաններում, սակայն թե զինվորականները, թե հայրենիքի համար կյանքը զոհաբերածների այրիները նշում են՝ նրանք զոհվեցին, որ մյուսներն ապրել կարողանան և ցանկացած հայ ամեն ինչ պետք է անի, որ 30 տարվա արյունով ստեղծած ու արյունով պահած անկախությունը պահի երկար դարեր:

«Արմենպրես»-ը զրուցել է Անկախության օրվա առիթով նախագահի կողմից հետմահու պարգևատրված զինվորականների այրիների և զինվորականի հետ:

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրված զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Արման Մխիթարյանի այրին՝ Էմմա Աբովյանը նշեց՝ ամուսինը պատերազմի ընթացքում զոհվել է Հադրութում: Ամուսնու շքանշանը ստանալու էր եկել դստեր հետ: «Ինքը սպասում է իր հայրիկին, չի հաշտվում այդ մտքի հետ»,-ասաց Էմմա Աբովյանը:

Նա շեշտեց՝ հիմա կյանքի գնով պահած անկախությունը պահելու համար յուրաքանչյուր հայ պետք է ազնիվ լինի հայրենիքի նկատմամբ: «Բոլորս, իհարկե, կոտրված ենք, բայց հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի, պետք է պայքարենք, որ ամեն ինչ լավ լինի»,-նշեց Աբովյանը:

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվեց թիվ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալ, մայոր Հովսեփ Մանուչարյանը: «Անկախության ձեռքբերման մեջ ոչ մի լումա ներդրում չունեմ, սակայն երկար տարիներ այդ անկախությունը պահում և պահպանում եմ: Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք այս պահին ֆիզիկապես մեր շարքերում չեն, մեզ հետ ներկա չեն, իրենք էլ այդ նույն գաղափարի շուրջ համախմբված ֆիզիկապես հեռացան մեզանից՝ զուտ այն մտքով, որ մեր ազգը, մեր երկիրը չկորցնի իր անկախությունը: Նրանք իրենց ուրույն դերն ունեն մեր ազգի պատմության մեջ: Կարծում եմ՝ պետք է ցանկացած հայ մարդ ամեն ինչ անի, որ այս 30 տարվա ձեռք բերածն ու պահպանածը, մեր արյունով ստեղծած ու արյունով պահած անկախությունը պահի երկար տարիներ ու դարեր»,-ասաց նա:

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվեց նաև փոխգնդապետ Վալենտին  Բուռնուսուզյանը: Նրա այրին՝ Նարինե Ժամկոչյանը պատմեց՝ ամուսինը զոհվել է Ջրականի շրջանում հոկտեմբերի 3-ին: «Այս պարգևին, կարծում եմ, արժանի են բոլոր զոհված զինվորները, սպաները, որովհետև նրանք պայքարել են, որ մենք հիմա ապրել կարողանանք: Կարողանանք թեկուզ փոքրիկ անկախությունը նշենք»,-ասաց նա:

Նարինե Ժամկոչյանն անկեղծացավ՝ բավականին դժվար էր զինվորականի կին լինելը: «Բայց եթե գիտակցաբար ես ընտրում, պետք է կարողանաս նաև գիտակցաբար պատվով տանես այդ կոչումը»:

Փոխգնդապետ Բուռնուսուզյանը և Նարինե Ժամկոչյանը երեք երեխա ունեն: «Հայրիկի կարիքն իրենք շատ են զգում: Նրանք մարդկային չարությունը դեռ չեն հասկանում, չեն հասկանում, թե ինչու է մարդը մարդուն կարողանում սպանել. միթե այդքան չարություն կարող է լինել մարդկանց մեջ»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]