Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Բուսաբանական այգու «Հույսի արահետ»-ում Խաչարձան է տեղադրվել

Բուսաբանական այգու «Հույսի արահետ»-ում Խաչարձան է տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բուսաբանական այգու «Հույսի արահետ»-ում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ Խաչարձանի օրհնության կարգն ու բացման արարողությունը: Արահետի հիմնադրման օրից սա թվով 7-րդ միջոցառումն էր:

Համառոտ անդրադառնալով Արահետի անցած մեկամյա ուղուն՝ նախաձեռնության կազմակերպիչ, պատմաբան Սամվել Բաղդասարյանն ընդգծեց, որ հանգամանքների բերումով, հայ ժողովրդի  համար դժվարին տարվան զուգահեռ` Արահետն էլ, ասես, ստիպված եղավ հասունանալ առավել արագ` հասակ առնելով ոչ միայն յուրաքանչյուր տնկված ծառի հետ, այլև հոգևոր, մշակութային  միջոցառումներով. նշվեց Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151-ամյակը, հիշատակվեց Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցը, որի շրջանակներում տեղի է ունեցել «106 տարի` 106  ծառի խորհրդով» տնկարկումը, նշվեց Հաղթանակի  օրն ու Սարդարապատի հերոսամարտը, որի 103 ծառի տնկումը  տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին: Իսկ Արահետի պայմանական «թանգարանը» համալրեցին խորհրդանշական` «Կենաց ծառը», «Ծառ հիշատակաց»-ն ու «Ծառ ապրողաց»-ը:

«Հայկական շատ ընտանիքներում, զավակի առաջին տարեդարձը նշվում է մկրտությամբ և հիշարժան նվերով: Նվերը` խորհրդանշական Խաչարձանն է (քանդակագործ` Արմեն Եղիազարյան), որի օրհնության կարգը նման է մկրտության, ուստի Արահետին հարկավոր է նաև հոգևոր նոր անուն: Արահետին  ապրեցնողն այս մեկ տարվա ընթացքում եղել է հույսը: Այլևս սա Հույսի արահետ է», - ամփոփելով իր խոսքը` նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով Խաչարձանին զետեղված գրությանը` «Հայոց մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին և Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարեդարձին»՝ Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը կարևորեց.

«Մեկը տխուր առիթ է, մյուսն` ուրախ: Բայց և՛ տխրության պահին, և՛ ուրախության պահին պետք է լինենք միասնական: Անցած տարվա ընթացքում ունեցանք 44-օրյա պատերազմ, մեր տղաները անհավասար պայքար մղեցին թուրքի դեմ` չխնայելով, Աստծո կողմից տրված ամենաթանկը` կյանքը: Մենք պետք է ապրենք այնպես, որ տղաները, նայելով վերևից, չզղջան, ապրենք միասնական, սիրով, ներողամտությամբ: Եվ այս Խաչարձանը պետք է դառնա ասվածի վկայությունը»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]