Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Դրական քայլը Հայաստանի իշխանությունների կողմից արված է. Արսենյանը՝ Էրդողանի հայտարարության մասին      

Դրական քայլը Հայաստանի իշխանությունների կողմից արված է. Արսենյանը՝ Էրդողանի 
հայտարարության մասին

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանություններն արդեն արել են «դրական քայլերը» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ կառավարության հնգամյա ծրագրում ընդգրկելով խաղաղության օրակարգը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եռաբլուրում լրագրողներին այս մասին ասաց Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը:

«Ես Հայաստանի վարչապետի և Վրաստանի վարչապետի անձնական խոսակցությանը ներկա չեմ եղել, սակայն ուզում եմ ձեզ հիշեցնել հետևյալ փաստաթուղթը, որը կոչվում է «ՀՀ կառավարության գործունեության ծրագիր» և որը քննարկվեց և հաստատվեց ՀՀ ազգային ժողովի կողմից: Այդ փաստաթղթում՝ «Արտաքին քաղաքականություն» հատվածում, հստակ նշված է, որ Հայաստանը իր օրակարգ է մտցնում խաղաղության հարցը: Խաղաղության հարցի քննարկման մեր օպոնենտները մեր հարևաններն են, որոնց հետ մենք կամ չունենք ընդհանրապես հարաբերություններ, կամ էլ ունենք լարված, ոչ դրացիական կամ թշնամական հարաբերություններ: Քաղաքական օրակարգի սպասարկման և ՀՀ անվտանգության միջավայրն ավելի կայուն և հասկանալի դարձնելու համար խնդիրը պետք է քննարկել, բնականաբար, այն սուբյեկտների հետ, որոնցից այդ վտանգը կա»,- նշեց Գուրգեն Արսենյանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե քննարկում սկսվի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ապա բնական է, որ այդ քննարկումը տեղի է ունենալու Թուրքիայի իրավասու պաշտոնյաների, տվյալ պարագայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Որպես քաղաքական իշխանության ներկայացուցիչ՝ Գուրգեն Արսենյանը կարծում է, որ Հայաստանն իր շահերի սպասարկման տեսանկյունից պետք է «հնարավոր գործողություններ իրականացնի» նշված ուղղությամբ «այն ծավալով, որը չի վնասի մեր երկրին և հնարավորություն չի ընձեռում ի սկզբանե ունենալ բացասական բանակցային դիրքեր»:

Անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, թե բանակցություններին նախապատրաստվելուն զուգահեռ Հայաստանը պետք է դրական քայլեր անի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը պատասխանեց, որ դրական քայլերն ՀՀ իշխանությունների կողմից արված են:

«Մենք մեր կառավարության գործունեության ծրագրի մեջ ընդգրկել ենք խաղաղության օրակարգը: Դա մի կարևորագույն հրապարակում է մեր մտադրությունների վերաբերյալ, հնչեցում ի լուր աշխարհի, որ մենք դնում ենք խաղաղության օրակարգում: Խաղաղության օրակարգի փաստաթղթային մասից բխում են նաև գործընթացներ, քայլեր, որոնք կքննարկեն և կանեն իրավասու մարմինները՝ ելնելով ՀՀ անվտանգության շահերից»,- հավելեց ԱԺ պատգամավորը:

Հայաստանը և Թուրքիան օգոստոսի երկրորդ կեսից դրական ազդակներ են փոխանակում երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում նշված է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից, և այսօր էլ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել հանդիպման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Մասնավորապես, լրագրողի հարցին՝ «ի՞նչ կարծիքի եք՝ Փաշինյանը, արդյոք, կթույլատրի Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի բացումը, Էրդողանը պատասխանել է, թե «այդ միջանցքը բացելու կամ չբացելու հարցը քաղաքական հարց է»: Էրդողանը «տարակուսելի» է համարում այն, որ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ հայկական կողմը չի քննարկում «միջանցքի» հարցը, մյուս կողմից՝ իր հետ հանդիպելու ցանկություն է հայտնում:

Թուրքիայի նախագահը նշել է, թե իրենք բաց են բանակցությունների համար, բայց նաև ակնարկել է, թե այդ հանդիպումներին նախապատրաստվելուն զուգահեռ հայկական կողմը «դրական քայլեր պետք է անի»:

«Եթե նա ցանկանում է հանդիպում ունենալ Թայիփ Էրդողանի հետ՝ այստեղ կան արդեն հայտնի քայլեր, որոնք պետք է կատարվեն: Իրականում ինձ հասել է ինձ հետ հանդիպելու ցանկությունը, որը նա փոխանցել է Վրաստանի վարչապետի միջոցով։ Բայց, ինչպես ասացի, այդ հանդիպումներին նախապատրաստվելուն զուգահեռ, նրանք պետք է դրական քայլերը կատարեն»,- հայտարարել է Էրդողանը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի այս հայտարարությանը՝ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ին ասել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, թեև Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]