Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Սեպտեմբերի 21-ի հանրաքվեն մեր բնութագիրն է. դրա մեջ գրված է՝ ազատություն և ժողովրդավարություն      

Սեպտեմբերի 21-ի հանրաքվեն մեր բնութագիրն է. դրա մեջ գրված է՝ ազատություն և 
ժողովրդավարություն

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, որ Հայաստանի անկախության վերանվաճման պայքարի ակտիվ մասնակիցներից է եղել, համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Արցախյան պատերազմում կրած մեր վերջին ձախողումները խարխլել են հայկական պետականության հիմքերը: Ըստ նրա՝ մեր պետությունը ամուր հիմքերի վրա է, քաղաքակիրթ աշխարհն էլ կանգնած է Հայաստանի կողքին և թույլ չի տա որևէ «Թուրանի» կամ ջիհադական միավորման ոչնչացնել հայկական պետությունը: Բայց ամենակարևորը՝ Հայաստանն ունի անձնազոհ բանակ, որը կկռվի և կպաշտպանի հայրենիքը:

ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման (1990-1995) պատգամավոր Ազատ Արշակյանն այդ մասին նշեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձին և վերջին մեկ տարվա ծանր զարգացումներից հետո անկախության գաղափարի վերաիմաստավորման ու վերարժևորման հարցին:

Իսկ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն, ըստ նրա, հրաշալի բնութագիր է աշխարհին ներկայանալու համար, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը «ԱՅՈ» ասաց անկախությանը և ժողովրդավարությանը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հիմնվելով 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագրի և 1991 թվականի մարտի 1-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած համապատասխան որոշման վրա, Հայաստանի Հանրապետության (նախկին Հայկական ԽՍՀ-ի) տարածքում անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցին «ԱՅՈ» պատասխանեց քվեարկողների 99 տոկոսից ավելին՝ Հայաստանի Հանրապետության 2 մլն 42 հազար 627 քաղաքացի: Ընդ որում, հանրաքվեին մասնակցել էր բնակչության ընտրական իրավունք ունեցողների 95,5 տոկոսը՝ 2 մլն 163 967:

Ազատ Արշակյանը հայ հայտնի անկախական գործիչներից է, որը խորհրդային տարիներին անդամակցել է Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ) և մի շարք այլ հայտնի այլախոհների՝ Հայկազ Խաչատրյանի, Շահեն Հարությունյանի, Ստեփան Զատիկյանի, Պարույր Հայրիկյանի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի և այլոց հետ ընդհատակյա պայքար է մղել հանուն Հայաստանի անկախության վերականգման:

- Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք այսօր ընկալում Անկախության տոնը և առհասարակ անկախության գաղափարը՝ հիշելով 1990-91 թթ. իրադարձությունները և հաշվի առնելով վերջին մեկ տարվա ծանր զարգացումները, որոնք էապես փոխեցին իրադրությունը տարածաշրջանում ի վնաս Հայաստանի:

- Անկախության հանրաքվեի մասին ես բոլոր հարմար առիթներով ասում եմ, որ անկախ նրանից՝ մենք այդ հանրաքվեն կանցկացնեինք, թե չէինք անցկացնի, հայտնի հանգամանքներն ու իրադարձությունները Հայաստանին դուրս էին մղել [Խորհրդային] կայսրության կազմից: Օրինակ, 1990 թ. հունիսի 12-ին արդեն Ռուսաստանի Ֆեդերացիայի Գերագույն խորհուրդը որոշել էր, որ Ռուսաստանը դուրս է գալիս Խորհրդային Միության կազմից: Դրանից մի քանի ամիս հետո՝ նոյեմբերին ընդունված Փարիզյան խարտիայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի և Խորհրդային Միության համատեղ որոշման համաձայն՝ ԽՍՀՄ-ը լուծարվում է, բայց իրավունք և հնարավորություն է ունենում 1991 թ. գարնանը անցկացնել վերամիավորման հանրաքվե: Իսկ Հայաստանի Հանրապետությունը արդեն որոշել էր, որ չի մասնակցելու վերամիավորման հանրաքվեին: Այսինքն՝ մենք ավտոմատ դուրս էինք մնացել ԽՍՀՄ կազմից: Բայց երբ քաղաքացիների 96 տոկոսը հայտարարեց, որ «մենք ուզում ենք դուրս գալ ԽՍՀՄ-ի կազմից, ստեղծել ժողովրդավարական, անկախ պետություն», դա արդեն ինքնագնահատական էր, փաստաթուղթ, բնութագիր՝ աշխարհին ներկայանալու համար: Այդ բնութագիրը գերազանց ստացվեց, որովհետև ավելի քան 2 մլն մարդ «ԱՅՈ» ասաց անկախ պետությանը և ժողովրդավարությանը, իսկ «ՈՉ» ասաց ընդամենը 10 հազար հոգի: Դա հրաշալի ցուցանիշ է: Այդ տեսանկյունից, կարծում եմ, հանրաքվեն չափազանց կարևոր իրադարձություն էր: Սակայն ֆիզիկական անկախությունը, փաստացի անկախությունը արդեն տեղի էր ունեցել դեռևս Ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ հայ ժողովուրդը չէր ենթարկվում Խորհրդային Միության կենտրոնական իշխանության հրահանգներին:

Իսկ հարցի երկրորդ մասի վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը: Չափազանց մեծ էին մեր սպասելիքները անկախ պետությունից, և պարզվեց մի տխուր բան, որ մեր հասարակությունը պատրաստ չէ անկախ պետականության: Ես կասեի՝ ոչ թե հասարակությունը, այլ խորհրդային նոմենկլատուրան դրան պատրաստ չէր. կադրեր չկային, օրենքներ չկային, նախաձեռնություն չկար: Խորհրդային Միության նոմենկլատուրան չէր ղեկավարում Արցախյան և անկախական շարժումը՝ ինչպես, օրինակ, Վրաստանում էր, Ադրբեջանում, Բալթյան երեք հանրապետություններում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում: Իսկ մեզ մոտ՝ համալսարանի կոմերիտմիության ակտիվիստ Աշոտ Մանուչարյանը: Տեսեք՝ ինչ մեծ տարբերություն կա: Այդ իմաստով պատրաստ չէինք: Եվ այս վերջին մեկ տարին՝ պատերազմի արդյունքներով, ցույց տվեց, որ մեր երկիրը դեռևս դեռահաս է, պատանի է, չափահասների համար նախատեսված միջոցառումներին առայժմ պատրաստ չէ: Չնայած ժողովրդի անձնազոհությանը, հասարակության կայունությանը, կամքին՝ մեր պետությունը դեռևս շատ թույլ է, և պատերազմում կրած այդ ցավալի պարտությունը դրա հետևանքն էր:

- Եկեք հարցին նայենք ավելի լայն իմաստով՝ ոչ միայն զուտ հակամարտության, այլև ընդհանրապես Արցախյան հիմնախնդրի քաղաքական ու գաղափարական նշանակության տեսանկյունից: Ընդհանրապես, անկախության թեման շատ ծավալուն է, բարդ ու բազմաշերտ՝ իր գաղափարաբանական, արժեքային և քաղաքական ասպեկտներով: Իսկ Հայաստանի անկախության վերանվաճման գործընթացը, ինչպես հայտնի է, սկսվել է հենց Արցախյան շարժումից, և ըստ այդմ՝ նորանկախ Հայաստանի ոչ միայն արտաքին ու ներքին քաղաքականությունը, այլև ընդհանուր գաղափարախոսությունն ու արժեհամակարգը մի զգալի չափով հիմնված էր Արցախյան շարժման պատմության, Արցախյան ազատամարտում տարած հաղթանակի և Արցախի հարցում հայկական պահանջատիրության վրա: Այսօր, երբ վերջին պատերազմի հետևանքով կորցրել ենք Արցախի տարածքի զգալի մասը և մեր գերիշխող դիրքերը, Ձեր կարծիքով, Հայաստանի անկախության և պետականության հիմքերը խարխլվե՞լ են կրած պարտության պատճառով:

- Մեր պետականության հիմքերը չեն խարխլվել, պետությունը ամուր հիմքերի վրա է, Միավորված ազգերի կազմակերպությունը կա, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կա, Մինսկի խումբը կա, որը Արցախի հարցերով է զբաղվում: Իրականում Մինսկի խումբը ոչ միայն Արցախի հարցերով զբաղվող միջազգային կառույց է, այլև Հայաստանը հանում է ռուս-թուրքական (Լենին-Աթաթուրք) պակտի ճիրաններից: Այսինքն՝ պետությունը չէր կարող կործանվել: Ընդհակառակը, պետությունը պաշտպանված է, և այս պատերազմը, նախ և առաջ՝ հայկական բանակի անձնազոհ, հերոսական պայքարը, շատ կարևոր արժեք ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև աշխարհի համար, և աշխարհը գնահատում է, դեմոկրատական աշխարհը մեր կողքին կանգնած է, դեմոկրատական աշխարհը թույլ չի տա, որ իրենից մի կտոր պոկեն: Աշխարհի ուժեղագույն երկրները դեմոկրատական պետություններն են՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և այլն: Նրանց դաշնակիցն ենք մենք մեր քաղաքակրթական արժեհամակարգով:

- Բայց, ցավոք, նրանք շատ հեռու են Հայաստանից:

- Հեռու չեն: Հրթիռները, ստորագրությունը, սպառնալիքը շատ ազդեցիկ են: Նավերը, ճիշտ է, չեն բարձրանա Քարվաճառի լեռները, բայց միայն նրանց սպառնալիքը պետությունը լուծարելու դեպքում չափազանց մեծ է և չափազանց ազդեցիկ է: Այսինքն՝ որևէ «Թուրան», որևէ ջիհադական միավորում չի համարձակվի հայկական պետությունը ոչնչացնել, որովհետև հայկական պետությունը աշխարհի մի մասն է: Բայց ամենակարևորը՝ հայկական պետությունը ունի անձնազոհ բանակ, որը կկռվի և կպաշտպանի Հայաստանը բավարար քանակությամբ սպառազինություն և զենք-զինամթերք ստանալու դեպքում: Այնպես որ, պետականությունը չի խարխլվել, բայց մենք, իհարկե, ընկճվել ենք, որովհետև Արցախի այն տարածքները, որ կորցրեցինք, մեզ համար շատ թանկ արժեին, և հիմա պետք է պատրաստվենք հետ վերցնելուն:

- Եթե հիմք ընդունենք Հայաստանի և հայության այն հիմնական ազգային ուղենիշները, որոնք ամրագրված են Անկախության հռչակագրում, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի վերամիավորումը, պատմական արդարության վերականգնումը Հայկական հարցում, ապա  ո՞րն է, Ձեր կարծիքով, մեր պետականության ինքնությունը այսօր:

- Մեր պետականության ինքնությունը ես համարում եմ հայապահպանությունը և նախապատրաստվելը այդ մեծ իրադարձությանը՝ ունենալ ուժեղ, հզոր պետություն, որ «մեծ փոթորկի» ժամանակ մեր «նավը» ոչ միայն չխորտակվի, այլ նաև հասնի իր «նավահանգստին»: Այլ խոսքերով՝ պետք է ունենանք ուժեղ պետություն, պահպանենք մեր լեզուն և մեր մշակույթը, Հայաստանը դարձնենք հարմարավետ բնակավայր ողջ աշխարհի հայության համար և սպասենք՝ մինչև ջուրը կբերի հակառակորդի դիակը:

- Սովորաբար, ամեն ազգ և ժողովուրդ, որն անկախություն է հռչակում, նախանշում է ինչ-որ գերնպատակ, մեծ երազանք, տեսլական, որին պետք է ձգտի: Տասնամյակներ առաջ Հայաստանում՝ հանրային ընկալման մեջ, ըստ երևույթին՝ հայ գրականության թելադրած ազգային գաղափարախոսության ազդեցությամբ, այդ մեզ երազանքը պատմական Հայաստանի՝ Մեծ Հայքի վերականգնումն էր: Այսօր, սակայն, հասարակական տրամադրությունները էապես փոխվել են, և շատերն այլ կերպ են նայում թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի ուղղությամբ: Այսօր բարձր մակարդակով խոսակցություններ են գնում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին, և Թուրքիան բացեիբաց հասկացնում է, որ «եթե ուզում եք կարգավորել հարաբերությունները՝ պետք է բոլոր այդ գաղափարներից հրաժարվեք»: Հետևաբար, ո՞րն է լինելու մեր ազգային մեծ երազանքը:

- Եթե մեր ռեսուրսները բավարար լինեին՝ մենք կթելադրեինք խաղաղության պայմանները: Հիմա մեզ թելադրում են խաղաղության պայմաններ, պարտադրում են խաղաղություն մեզ համար անընդունելի պայմաններով: ՀՀ իշխանությունը պետք է հնարներ գտնի՝ ժամանակ ձգձգելու համար՝ մինչև որ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն հարևանների հետ մեզ համար նպաստավոր պայմաններով խաղաղություն հաստատելու:

- Իսկ առհասարակ, ի՞նչ եք հասկանում անկախություն ասելով և ինչպե՞ս եք բանաձևում այդ գաղափարը:

- Պետություն, որը ապահովում է հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, ինքնության պահպանումը և հոգևոր ու մշակութային զարգացումը: Ես դա համարում եմ անկախության և պետության պայմանը: Պետությունը և անկախությունը փոխսերտաճած են, շաղկապված են:

- Ճիշտ կլինի՞ ասել, որ անկախությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանի, ամեն մի ազգի, տվյալ դեպքում՝ հայ ազգի, հավաքական ազատությունն է: Այսինքն՝ պայքարելով անկախության համար՝ մենք պաշտպանում ենք մեր ազատությունը:

- Այո՛: Եթե պետք է բռնություն լինի, հայ ժողովուրդը պետք է ճորտ լինի, ապա ի՞նչ տարբերություն՝ օտարի ճորտն է, թե՞ Հայկի սերնդից ինչ-որ մի տականքի: Դրա համար էլ շեշտեցի, որ անկախության հանրաքվեի բովանդակությունը հենց ազատության, դեմոկրատական և անկախ պետություն ստեղծելու մասին էր: Մենք դրա համար ստորագրել ենք: Մեր բնութագրի մեջ դա գրված է՝ ազատություն և ժողովրդավարություն:

- Այդ օրերին շա՞տ ոգևորված էիք, որ շուտով ունենալու եք անկախ պետություն:

- Իհարկե, մենք շատ ոգևորված էինք, դա մեր երազանքն էր, դրա համար մենք պայքարել էինք, և շատ լավ էր, որ մեր կենդանության օրոք դա տեղի ունեցավ: Մենք երջանիկ ենք այդ առումով:

- Գիտակցո՞ւմ էիք, որ պատմական ժամանակաշրջան եք ապրում և պատմական իրադարձությունների ականատես եք:

- Մենք գիտակցում էինք, որ հայ ժողովուրդն է ապրում այդպիսի ժամանակաշրջանում, և դա մեծ բարեբախտություն էր մեզ համար, որ մասնակցում էինք դրան:

- Իսկ այսօրվա դիտանկյունից դրան ի՞նչ տրամադրությամբ եք նայում:

- Նույնն է: Ես չեմ թերագնահատում այն սերնդի արածը: Կարծում եմ, որ հրաշալի գործ արեց: Մյուսները նույնպես այդ հնարավորությունը ունեցել են, բայց հանգամանքները այդպես չեն դասավորվել, որ կարողանան անկախություն կերտել: Այնպես որ, իհարկե, մեզ համար շատ հաճելի էր, որ մեր կենդանության օրոք Հայաստանը հռչակվեց անկախ:

Հարցազրույցը վարեց Արամ Սարգսյանը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]