1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մենք հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ապագա ենք տեսնում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Մենք հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ապագա ենք տեսնում. ՀՀ-ում ԱՄՆ 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Հայաստանի Անկախության տոնի առթիվ հղված ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղերձում: 

«Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլը անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։ Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյա հոբելյանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և ավելի լավ ապագա կառուցելու վճռականությունը՝ ի հեճուկս աննախադեպ մարտահրավերների, ինչպիսիք էին գլոբալ համավարակը և անցյալ տարի Հայաստանին պատուհասած պատերազմը։ Ես տեսնում եմ, որ այս հինավուրց ժողովուրդը անկախության միջոցով կերտում է իր պատմության նոր գլուխը։ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով և միաժամանակ ձգտում է լուծել անվտանգային կարևորագույն խնդիրները։ Երեսուն տարիների ընթացքում հայ-ամերիկյան գործընկերության հիմքում եղել են հենց այս ընդհանուր արժեքները»,- նշել է դեսպանը։

Միացյալ Նահանգների առաջին դեսպանությունը Հայաստանում բացվել է երկրի անկախացումից կարճ ժամանակ անց՝ 1992թ․-ին, սակայն հայ-ամերիկյան գործընկերությունը շատ ավելի վաղ է սկսվել, քան մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Դեռևս 1919թ․ նախագահ Վուդրո Վիլսոնի վարչակազմի ներքո ամերիկյան կառավարությունը տարածաշրջանով մեկ օժանդակություն էր ցուցաբերում Ցեղասպանությունից տուժած հայերին:

Այնուհետ Միացյալ Նահանգներն ակտիվ դերակատարում ունեցավ՝ օգնելով Հայաստանին 1988թ․ կործանարար երկրաշարժից հետո․ Միացյալ Նահանգների կառավարության ու մասնավոր քաղաքացիների կողմից տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերվեց աղետի հետևանքների վերացման ու անօթևան մնացածներին օգնելու հարցերում։

«ԱՄՆ արձագանքը սոսկ այս ողբերգության մասշտաբներով չէր պայմանավորված, այլ նաև ընդգծում էր մեր երկու ժողովուրդների միջև առկա կապերի խորությունը։ Խոսելով մեր ժողովուրդների կապի մասին չենք կարող չհիշատակել հայկական ակտիվ սփյուռքը ԱՄՆ-ում, որը մեր երկու երկրների ու մեր հարաբերությունների ամրության հարցում մշտապես հանդիսացել է կարևորագույն գործոն։ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ մեր գործընկերության դուռն ավելի լայն բացվեց։ Եվ երեսուն տարի անց, որի ընթացքում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, մեր կապերն առավել քան երբևէ ամուր են։ Ամուր ժողովրդավարական հաստատությունների ձևավորում ու պահպանում, իրավունքի գերակայության ապահովում և կոռուպցիայի դեմ պայքար, մարդասիրական օգնություն դրա կարիքն ունեցողներին, անվտանգային կառույցների կարողությունների մեծացում, տնտեսական հնարավորությունների վերհանում և խթանում, առողջապահական համակարգի ամրապնդում, մշակութային ժառանգության պահպանություն, կրթական հնարավորությունների ընդլայնում, փոխանակային ծրագրերի միջոցով ներդրումներ մարդկային կապիտալում և տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների օժանդակում․ ահա երկկողմ հարաբերությունների այն լայն շրջանակը, որի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղվել են մեր համատեղ ջանքերը»,-նշել է դեսպանը:

Լին Թրեյսիի խոսքով, երկու երկրների բազմազան գործընկերությունն ամենուր միտված է այն նպատակին, որ մարդկանց կյանքը բարելավվի, բոլորը լինեն առողջ և ապահով։

«Ինչպես այս տարի ավելի վաղ Հայոց ցեղասպանության հիշատակման իր խոսքում նշեց նախագահ Բայդենը, «Այսօր, սգալով կորուստների համար, եկե՛ք նաև մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի մի աշխարհ, որ մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար։ Աշխարհ, որ ստվերված չէ մոլեռանդության ու անհանդուրժողականության առօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ հարգված են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել իրենց կյանքն արժանապատիվ ու անվտանգ»: Վերջին քսան ամիսը փորձությունների շրջան էր, սակայն կրկին ի ցույց դրվեց հայ ժողովրդի տոկունությունն ու հայաստանյան ժողովրդավարության ամրությունը։ Այս տարվա ամռանը տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ոչ միայն արժանացան միջազգային դիտորդների գովեստին հիմնարար իրավունքների ապահովման համար, այլ նաև հպարտանալու առիթ դարձան շատ հայերի համար, որոնք տեսան, որ ի հեճուկս դժվարությունների, հայաստանյան ժողովրդավարությունը աներեր մնաց։ Ու թեպետ մենք չպետք է մոռանանք մարտահրավերների, ողբերգությունների ու դժվարությունների մասին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն, սակայն պետք է նաև աչքի առաջ ունենանք այն ամենը, ինչին Հայաստանն հասել է ու նոր ձեռքբերումների հասնելու ներուժը։ Վերջին երեսուն տարվա ընթացքում ձևավորված կապերի ամուր հիմքի վրա շարունակելով մեր աշխատանքը՝ մենք հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ապագա ենք տեսնում և շարունակում ենք վստահությամբ նայել դեպի Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, բարեկեցիկ պետություն, որը հաշվետու է իր ժողովրդի առաջ ու չունի վտանգներ հարևաններից։ Մենք սպասում ենք մեր գործընկերությանը շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանն ընթանում է 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած ճանապարհով»,-հավելել է դեսպանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]