Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ. ՀՀ նախագահ

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված 
իրավիճակից և շարժվել առաջ. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

«Սիրելի´ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի´քաղաքացիներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը: Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ: Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում: Լրանում է մի ժամանակ, երբ աշխարհի հետ պարտադրված ենք դիմագրավել կորոնավիրուսի համավարակին: Լրանում է մի ժամանակաշրջանում, երբ երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի, երբ մեր ինքնությունն առավել խորությամբ հասկանալու և այն պաշտպանելու անհրաժեշտություն կա, երբ միասնականության ու միմյանց լսելու, հասկանալու, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության, միմյանց ցավը կիսելու և միմյանց սատար լինելու խիստ կարիք կա:

30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս: Եվ հաղթահարեցինք. 1991թ. սեպտեմբերի 21-ին իրականություն դարձրեցինք մեր բազմամյա երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակեցինք անկախ պետություն: Ընդ որում, ոչ ոք մեզ անկախությունը չնվիրեց: Մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք և հասանք: Հասանք ոչ միայն կամքի ու նվիրվածության, այլև մեր հայրենակիցներից շատերի կյանքի գնով:

Վերստին խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց զոհաբերեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի ազատության և անվտանգության համար: Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռք բերման մեջ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը: Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում:

Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները:

 Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն:

Շուրջ երեսուն տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր...

Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ պետք է թույլ չտանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել:

Մեր հայրենիքի կարեւորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ո´չ զարգացում, ո´չ էլ առաջընթաց:

Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի ապագային միտված զարգացմանը: Բայց նախ և առաջ պետք է իրականության մեջ, այլ ոչ թե զգացմունքային դաշտում գնահատենք ու գիտակցենք անկախ պետականության կենսական արժեքը:

Պետականությունը դառնում է իրողություն, երբ ապրում է մեր մեջ, մեր աշխատանքում, մեր կենսակերպում, մեր ընտանիքում, մեր մտածողության մեջ:

Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ, տեսլական և ծրագիր, որոնք պետք է նաև ուղղորդեն մեր գործողությունները մեր գործընկերների հետ շփումներում և ընդհանրապես միջազգային հարաբերություններում: Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում:

Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն: Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել: Անհրաժեշտ է հեռատեսություն՝ անգամ ներկայիս իրավիճակում տեսնելու նոր հնարավորություններ:

Անհրաժեշտ է իրատեսություն, իրականության վերարժևորում. վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլև պետականության մեր զգացողությունը, այն կորցնելու հնարավոր վտանգի հետևանքների գիտակցումը:

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝ համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում, միմյանց աչքերին արժանապատվորեն, ուղիղ և ազնվորեն նայելու համարձակությամբ, ձևականությունից, ամբոխահաճությունից հրաժարվելու և իրական քայլեր անելու հաստատակամությամբ, Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, անվտանգ և բարգավաճ դարձնելու նպատակաուղղվածությամբ:

Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:

Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք: Թող միասնության այս զգացումը մեզ օգնի հասնելու համազգային, համահայկական ու համապետական նպատակներին:

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]