Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

«Նոր գիրք»-28/21. Տեղատվությունից մինչև թիկնազոր

«Նոր գիրք»-28/21.  Տեղատվությունից մինչև թիկնազոր

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ
Վահագն Գրիգորյան, «Տեղատվություն»

«Տեղատվություն» վեպը շոշափում է մարդու բարոյական նկարագրի և անհատի ու հասարակության փոխհարաբերության պրոբլեմները: Այն հումորի ու սատիրայի լեզվով, այլաբանական ու իրապատում տարրերի միահյուսումով պատմում է, թե ինչ կարող է պատահել մարդուն, որը ներքին տեղատվություն է ապրում, մոռանում է հասարակության հանդեպ ունեցած իր պարտականությունները: «Տեղատվություն» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1976 թվականին: Ներկա հրատարակությունը պատրաստելիս՝ հեղինակը կատարել է բազմաթիվ խմբագրական աշխատանքներ ու վերամշակումներ: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն
Ռոբերտ Փեն Ուորեն, «Արքայի ամբողջ թիկնազորը»

Հեղինակը վերնագիրը վերցրել է «Գնդլիկ Բլբլիկը» (Humpty Dumpty) մանկական շուտասելուկից: Վեպը խարիզմատիկ, պոպուլիստ գործիչ Վիլլի Ստարկի մասին է։ Հարավային մի նահանգում նա քաղաքական կոշտ գիծ է առաջ մղում Մեծ ճգնաժամի տարիներին: Ընդունված է համարել, որ կերպարի նախատիպն ԱՄՆ սենատոր Հյու Լոնգն է, որը սպանվեց 1935-ին:

Վեպը գրված է առաջին դեմքով։ Ջեկ Բարդենը նահանգապետի աջ ձեռքն է, նախկին լրագրող, որը ներկայացնում է իր շեֆի՝ Վիլլի Ստարկի քաղաքական վերելքի եւ կառավարման դրամատիկ դրվագները: Ստարկի կարիերան ներհյուսված է Ջեկ Բարդենի կյանքի պատմությանն ու փիլիսոփայական մտորումներին:

«Վիլլի Ստարկի պատմությունն ու Ջեկ Բարդենի պատումը որոշ իմաստով միեւնույն պատմությունն են»,– նկատել է գրողը: Թարգմանիչ՝ Կարլեն Դալլաքյան, խմբագիր՝ Տաթևիկ Նալբանդյան։  Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Փաստավավերագրական գրականություն
Մարիաննա Շահինյան, «Ջաբրայիլի Արծիվը» 

Գիրքը բաղկացած է երկու հատորից՝ «Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» և «Առաջնագծի մարտիկը»: Առաջին գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Ռաֆայելի Նազարյանին, որը 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ներառում է հերոսի մանկությունից մինչև զինվորական ծառայության տարիները և պատերազմի ընթացքը: Գրքում նկարագրվում է նրա՝ առաջնորդի կերպարը, մարդկային հատկանիշները: Պատերազմի ընթացքում հրամանատարն աչքի է ընկել բացառիկ խիզախությամբ՝ օրինակ ծառայելով զինակիցներին և մինչև վերջ հավատարիմ մնալով հայրենիքին տված երդմանը:

«Առաջնագծի մարտիկը» գիրքը ներառում է 9 ՊՇ , 3-րդ ՀԳՄ-ի անմահացած տղաների կենսագրությունները, նրանց սխրանքներն ու քաջագործությունները արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]