Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրեբունի թանգարանը շրջայցերի, պատկերագրքի հրատարակմամբ մարդկանց կծանոթացնի իր մշակութային արժեքներին

Էրեբունի թանգարանը շրջայցերի, պատկերագրքի հրատարակմամբ մարդկանց 
կծանոթացնի իր մշակութային արժեքներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակության լայն շրջանակին հայկական հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթացնելու նպատակով Էրեբունի և Մեծամոր թանգարանները, համագործակցելով ՀՀ-ում Լեհաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների հետ, էքսկուրսիաներ, ցուցահանդեսներ, հնագիտական պեղումներին նվիրված ներածական սեմինարներ, շնորհանդեսներ և կոնֆերանս են նախաձեռնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Եվրոպական ժառանգության օրերին նախատեսված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 18-ին Էրեբունի թանգարանում հայ և ֆրանսիացի երեխաները մասնակցեցին «Պեղենք միասին» ծրագրին, ներկայացվեց «Էրեբունիից Թեյշեբաինի՝ եռաչափ վերակազմություն» գիրքը և կազմակերպվեց գիտաժողով՝ «Մեծամորից Էրեբունի» խորագրով:

«Նախաձեռնությունների նպատակն է փորձել արժևորել, կարևորել մեր ժառանգությունն ու դա անել որակյալ կրթության միջոցով, որի շնորհիվ կարող ենք ապագա ունենալ: Այսօրվա կրթական ծրագրերը միտված են դրան: Հայ և ֆրանսիացի երեխաները համատեղ պեղումներ են իրականացնում, գտնում, գանձերի, կարևոր իրերի կրկնօրինակներ»,-պատմեց Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ու հավելեց, որ այդպես ձևավորվում է մեր ժառանգությունն արժևորելու, պահպանելու գաղափարը:

Անդրադառնալով «Էրեբունիից Թեյշեբաինի՝ եռաչափ վերակազմություն» գրքին՝  Բադալյանը տեղեկացրեց, որ նրանում շատ գեղեցիկ և հանրամատչելի ներկայացված են Կարմիր բլուրի և Էրեբունիի տարբեր կառույցների եռաչափ վերակազմությունները, որոնք արվել են պեղումների արդյունքներից ստացված տվյալների, ուրարտական պատկերագրության, Մերձավոր Արևելքի հնագիտության, ուրարտական սեպագիր աղբյուրների խորը քննության ու վերլուծության հիման վրա: Գրքում յուրաքանչյուր վերակազմության վերաբերյալ անոտացիաներ են զետեղվել:

Բադալյանը վստահ է՝ պատկերագիրքը կարող է նպաստել նրան, որ շատ-շատերը սիրեն Ուրարտուն, Էրեբունին: Այդ գործում նա կարևորեց նաև «Մեծամորից Էրեբունի» գիտաժողովի անցկացումը, որին մասնակցելու են հեղինակություն վայելող մասնագետներ:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Հայաստանում Ֆրանսիայի մշակութային համագործակցության հարցերով խորհրդատու Գիյոմ Նարժոլեն էլ շեշտեց, որ, նախաձեռնություններին  աջակցելով, ցանկանում են ամրացնել երկու երկրների, մասնավորապես Էրեբունի թանգարանի հետ մշակութային համագործակցությունը:

Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ հայ-ֆրանսիական արշավախումբը պեղումներ է իրականացրել Հայաստանում, ինչի արդյունքում բազմաթիվ բացահայտումներ են եղել, որոնք ևս մեկ անգամ ընդգծել են ամրոցի առանձնահատկությունները:

Նարժոլեն բացառիկ համարեց «Էրեբունիից Թեյշեբաինի՝ եռաչափ վերակազմություն»  հայ-ֆրանսիական պատկերագրքի լույս ընծայումն ու շեշտեց, որ այն ուրարտական  ժամանակաշրջանին վերաբերող առաջին հայերեն և ֆրանսերեն գիրքն է, որը հրատարակվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում հայ-լեհական համագործակցությունն առավել կընդգծվի սեպտեմբերի 19-ին Մեծամորի թանգարանում նախատեսված միջոցառումների ընթացքում:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության մշակույթի և հանրային կապերի բաժնի ներկայացուցիչ Մարիաննա Կարակեյանն ասաց, որ շատ են կարևորում հատկապես «Մեծամորից Էրեբունի» գիտաժողովի անցկացումը, որին մասնակցելու են Մեծամորի հայ-լեհական հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանն ու Քշիշտոֆ Յակուբյակը: Ըստ Կարակեյանի՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումներն էական են նաև նրանով, որ Լեհաստանի և Ֆրանսիայի մասնագետները հնարավորություն են ունենում հնագիտության բնագավառում իրենց  փորձը փոխանցել մեզ:

Միջոցառմանը ներկաները շրջեցին Էրեբունի թանգարանում և հնարավայրում՝ ծանոթանալով ամենահետաքրքիր ու հիշարժան ցուցանմուշներին, իսկ սեպտեմբերի 19-ին հյուրերն ու հետաքրքրված քաղաքացիները կարող են այցելել Մեծամորի թանգարան, շրջել այնտեղ, իսկ հայ-լեհական հնագիտական արշավախումբը այցելուներին կծանոթացնի քաղաքային թաղամասում իրականացված պեղումներին:

Անժելա Համբարձումյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]