1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հաշմանդամություն ունեցող անձանց համար շուտով կունենանք տեխնոլոգիական սենյակներ․ Նարեկ Մկրտչյան

Հաշմանդամություն ունեցող անձանց համար շուտով կունենանք տեխնոլոգիական 
սենյակներ․ Նարեկ Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջիկայում նախատեսում է խնամքի 10 կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեխնոլոգիական սենյակներ ստեղծել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այդ սենյակները հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտան օգտվել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներից։

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար ամենատարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Օրեր առաջ ավարտվեց մի գործընթաց. ԱՄԷ-ից հրավիրել էինք փորձագետների, ովքեր 2-րդ անգամ էին Հայաստանում և այստեղ էին բերել աշխարհում առաջին ֆունկցիոնալ ստեղնաշարը։ Այն հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործել այդ ստեղնաշարը և, օրինակ, հասանելի դարձնել համակարգիչը։ Այդ ստեղնաշարին հատուկ ակնոց է կցվում և ընդամենն աչքի թարթոցով՝ հնարավոր է տեքստ գրել, կրթվել, օգտվել սոցիալական ցանցերից և այլն։ Ավելի քան 70 փորձագետ՝ մասնագետներ, ուսուցիչներ, նախարարության ենթակայության տակ գտնվող խնամքի կենտրոնների աշխատակիցներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և հանրակրթական ներառական դպրոցների մանկավարժներ, հնարավորություն են ստացել վերապատրաստվել։ Մենք հիմա որոշել ենք մեր ենթակայության տակ գտնվող խնամքի 10 կենտրոնում ստեղծել տեխնոլոգիական սենյակներ, որոնք հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներից։ Սա ներառականության լավագույն օրինակներից մեկն է, և մենք այս առումով համագործակցում ենք ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան հետ»,- ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու դրանց պահպանումը, նրանց վերականգնողական գործընթացներն ու սոցիալական ներառման գործընթացը գտնվում են ԱՍՀ նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում և համարվում են առաջնահերթություններ։ Մկրտչյանը շեշտեց, որ ըստ կարիքի՝ այդ անձանց տրամադրվում են աջակցող միջոցներ՝ պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, քայլակներ, սայլակներ։

«Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք հաշմանդամություն ունեցող անձանց կյանքն առավել հեշտացնելու, ավելի ներառական դարձնելու համար։ Թեքահարթակների հետ կապված` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ գործընթաց կա, պետք է այնպես անել, որպեսզի քաղաքը հնարավորինս մատչելի դառնա հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ցավով պետք է փաստել, որ խնդիրը գոյություն ունի ամբողջ Հայաստանով մեկ, և այս ոլորտում բոլորս դեռ շատ անելիքներ ունենք՝ և՛ տեղական ինքնակառավարման մարմինները, և՛ Կառավարությունը, և՛ մասնավորը։ Վերջերս Կառավարությունում մի ծրագիր հաստատեցինք. եթե անկախությունից ի վեր ռազմական գործողությունների մասնակցելու պատճառով հաշմանդամություն ձեռք բերած անձին մասնավորն ընդունի աշխատանքի, ապա մենք ոչ միայն եկամտահարկի գումար կփոխհատուցենք (շուրջ 100 հազար դրամի չափով՝ եռամսյա ժամկետով), այլև միջավայրը հարմարեցնելու համար 500 հազար դրամ  կտրամադրենք գործատուին»,- ընդգծեց Մկրտչյանը։

Նա շեշտեց, որ պատերազմից հետո ՀՀ քաղաքացու և անձամբ իրենց համար հիմնական թեման Արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաներն են և նրանց խնդիրները լուծելը։  Այս պահին վիրավորված 115 զինծառայող պրոթեզավորված է, և խնդիրն ամբողջությամբ լուծված է։ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը կարողացել է իսլանդական գերժամանակակից, ֆունկցիոնալ ձեռքի պրոթեզներ ձեռք բերել պատերազմում վիրավորված զինծառայողների համար։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]