Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Մշակվում է կառավարության ծառայությունների միասնական հարթակ. ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին

Մշակվում է կառավարության ծառայությունների միասնական հարթակ. ԲՏԱ նախարարն 
ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: ԵՄ դեսպանը խոսել է ներկայում ընթացքի մեջ գտնվող նախագծի մասին, որի շրջանակում մշակվում է կառավարության կողմից մատուցվող ծառայությունների փոխգործունակության միասնական հարթակ և ստեղծում է մեկ պատուհան՝ պետության բոլոր սահմանային անցակետերի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, բարձր գնահատելով ԵՄ կառույցների հետ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ նախարար Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այն առաջիկայում ևս արդյունավետ և նպատակաուղղված ընթացք կունենա: Այնուհետև նախարարը ներկայացրել է ՀՀ ԲՏԱ նախարարության հիմնական գործառույթները՝ շեշտադրելով տեխնոլոգիական արդյունաբերությունը, թվայնացման խնդիրները, էկոհամակարգի ձևավորումը և նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերը։

«ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ, նշել, որ մեծապես կարևորում է ոլորտը և համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այս ոլորտում մեծ ներուժ ունի: Դեսպանն անդրադարձել է ԲՏԱ ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությանը և նշել, որ ռազմավարական հաղորդակցության տեսանկյունից կարևոր է նաև իրականացված աշխատանքը հանրությանը ներկայացնելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ խոսելով վերջին տարիներին ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրած աջակցության մասին՝ Անդրեա Վիկտորինը հատուկ անդրադարձ է կատարել մի շարք ծրագրերի, որոնք միտված են եղել էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմանը, էլեկտրոնային փաստաթղթավորմանը, ինչպես նաև նորարարություններին, ստարտափների խթանմանը, համավարակի հաղթահարմանը։ ԵՄ դեսպանը խոսել է ներկայում ընթացքի մեջ գտնվող նախագծի մասին, որի շրջանակում մշակվում է կառավարության կողմից մատուցվող ծառայությունների փոխգործունակության միասնական հարթակ և ստեղծում է մեկ պատուհան՝ պետության բոլոր սահմանային անցակետերի համար: Անդրեա Վիկտորինի հավաստմամբ, ԵՄ աջակցությունը շարունակական կլինի:

ՀՀ ԲՏԱ նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախարարության ծրագրերին աջակցելու, ինչպես նաև Եվրամիության ջանքերի համար՝ Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման հարցում։ Նախարարը հավելել է նաև, որ նախարարությունը բաց է ԵՄ գործընկերների կողմից և՛ խորհուրդներ, և՛ քննադատություն լսելու առումով, և դեսպանի կողմից արված դիտարկումը ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ իր կողմից ընկալվում է որպես ուղենիշ:

Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը երկարատև համատեղ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ հասարակության և հայկական տեխնոլոգիական զարգացման։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել Արևելյան գործընկերության տարածաշրջանային ռոումինգ համաձայնագրի նախագծի լրամշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Քննարկվել են նաև Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում իրականացվելիք ուղենշային ծրագրերը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]