Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում բացվեց ուսումնական խոհանոց և երիտասարդների ժամանցի սրահ

Գյումրիում բացվեց ուսումնական խոհանոց և երիտասարդների ժամանցի սրահ

ԳՅՈՒՄՐԻ, 16   ՍԵՊՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում սեպտեմբերի 16-ին բացվեց ուսումնական խոհանոց և երիտասարդների ժամանցի սրահ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում ուսումնարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտիրոսված սաների:

Բացման արարողությանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, քաղաքային և մարզային իշխանության ներկայացուցիչներ, Œuvre d’Orient կազմակերպության գլխավոր տնօրեն, եպիսկոպոս Պասկալ Գոլնիշին, գործառնությունների գծով տնօրեն Վինսեն Քայոլին, ծրագրի ղեկավար Էգլանտին Գաբե-Իալեին, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողներ և հարազատներ, պատերազմի մասնակից սաներ:
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոհանոցային սրահը նախատեսված է ուսումնարանում իրականացվող դուալ կրթության գործնական աշխատանքների համար: Բացի այդ, ուսումնական խոհանոցում ֆրանսիացի բարերարների աջակցությամբ իրականացվում է անվճար սննդի ծրագիր` Արցախից տեղահանվածների և սոցիալապես անապահով ուսանողների և աշակերտների համար:

Սրահի կառուցումն իրականացվել է «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության ֆինանսավորմամբ, ինչպես նաև շվեյցարական «Cédric Martin» հիմնադրամի և այլ բարեգործների աջակցությամբ։

Ուսումնական խոհանոցում «Œuvre d’Orient» կազմակերպության համագործակցությամբ իրականացվում է «Անվճար սննդի տրամադրում» ծրագիրը, որի շրջանակում Արցախից 197 տեղահանվածներ, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Ընտանիք» կենտրոն հաճախող 160 սոցիալապես անապահով, ծնողազուրկ ուսանողներ, ինչպես նաև 222 դպրոցականներ ապահովվում են անվճար սննդով: Բարերարների աջակցությամբ սննդի ծրագրի այս փուլը նախատեսված է մինչև 2022 թվականի փետրվարը:

Նորարարական լուծումներով ժամանակակից խոհանոցային կահավորումն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից։
Ուսումնական խոհանոցը ծառայում է նաև ուսումնարանի «Խոհարարական գործ» մասնագիտությամբ ներդրված դուալ կրթական համակարգում սովորող 50 ուսանողների գործնական աշխատանքների կազմակերպման համար։ Ընդ որում՝ ուսանողների պատրաստած կերակուրներն օգտագործվում են «Անվճար սննդի» ծրագրում։

«Ծրագրի շնորհիվ երեխաները ստանում են իրենց հասանելիք սնունդն ու արտադպրոցական կրթությունը, իսկ ընտանիքները՝ հոգեբանական ու բարոյական աջակցություն՝ սոցիալականից բացի»,-  նշեց ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը:

Կարևորելով արցախցի և ՀՀ երիտասարդների համար շարունակաբար իրականացվող սոցիալական, կրթական աջակցության ծրագրերը՝ «Œuvre d’Orient» կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է նախարարության մեդալով: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարգևը հանձնել է ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության գլխավոր տնօրեն, Ֆրանսիայի Արևելյան կաթոլիկների օրդինարիատի գլխավոր փոխանորդ, եպիսկոպոս Պասկալ Գոլնիշին:

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 30-ամյակի կապակցությամբ ԿԳՄՍՆ մեդալով է պարգևատրվել նաև կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը:

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]