Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ծիսական արարողություն, վարպետաց դասեր, երգ ու պար. Խաչիկ գյուղում կանցկացվի Գաթայի փառատոնը

Ծիսական արարողություն, վարպետաց դասեր, երգ ու պար. Խաչիկ գյուղում կանցկացվի 
Գաթայի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում սեպտեմբերի 18-ին կանցկացվի արդեն ավանդական դարձած Գաթայի փառատոնը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի նախագծերի կառավարիչ Անի Մավյանը նշեց, որ հագեցած ծրագրով միջոցառումները մեկնարկելու են ժամը 12:00-ին և տևելու են մինչև ժամը 18:00-ն:  Գաթայի փառատոնն այս 6 տարում իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանում անցկացվող միջոցառումների շարքում, և Խաչիկ գյուղի  երեք կողմից սահմանամերձ լինելու փաստը չի խոչընդոտում մարդկային մեծ հոսքին դեպի փառատոն:

«Առանձին տաղավարներով Խաչիկ գյուղի բնակիչները ցուցահանդես-վաճառքով ներկայացնելու են իրենց բերքն ու բարիքը, ավանդական ուտեստները: Գյուղի թոնիրներում անցկացվելու են գաթայի, լավաշ թխելու վարպետաց դասեր, ավանդական ծիսական արարողություններ»,- ասաց Անի Մավյանը:

Փառատոնի առանցքը մեծ տրամագծով կլոր գաթան է, որը հանդիսավոր արարողությամբ կտրվելու է և կազմակերպվելու է հյուրասիրություն: Սպասվում է համերգային ծրագիր, ներկայացվելու են նաև համայնքին հատուկ ազգային երգն ու պարը, ինչպես գյուղի և շրջակա բնակավայրերի պարային ազգագրական խմբերի, այնպես էլ Երևանից ժամանած պրոֆեսիոնալ պարի խմբերի կողմից: Գյուղում գործող կարատեի դպրոցի սաները ցուցադրելու են իրենց հմտությունները, գյուղի արհեստագործ վարպետները ներկայացնելու են և վաճառելու են արդեն պատրաստի կամ հենց տեղում պատրաստվող հուշանվերներ, փառատոնի ընթացքում անցկացվելու են տարատեսակ խաղեր երեխաների համար, ինչպես նաև հետաքրքիր շոու-ծրագրեր։

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը նշեց, որ փառատոնն անցկացվում է 2014 թվականից և շատերի համար սպասված միջոցառում է:

«Փառատոնը մեծ աշխուժություն բերեց մեր համայնքին: Տարիների ընթացքում մեր գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Բնակիչները մեծ ոգևորությամբ սպասում են այդ օրվան, որպեսզի իրենց բերքն ու բարիքը ներկայացնեն: Գյուղում արդեն հյուրատնային տնտեսությունն է սկսել զարգանալ»,- ասաց Հովիկ Սմբատյանը:

Խաչիկ գյուղի քահանա Տեր Հովհաննես Մաթևոսյանը նկատեց, որ մի ավանդույթ է ձևավորվել, որ մարդիկ Խաչիկ գյուղը ճանաչում են գաթայի քաղցրության միջոցով:

« Հայաստանում ապրող շատ մարդիկ քիչ են եղել ծայրամասային բնակավայրերում, իսկ հայրենաճանաչության տեսանկյունից Գաթայի փառատոնը լուրջ խնդիր է լուծել: Տարվա ընթացքում ևս այցելուներ ենք ընդունում, զբոսաշրջային երթուղիների, այլ աշխատանքների  միջոցով Խաչիկ գյուղը դարձել է ճանաչելի: Մարդիկ ամեն տարի սպասում են այս միջոցառմանը»,- ասաց Տեր Հովհաննես Մաթևոսյանը: Նրա խոսքով, տարիների ընթացքում տեղացիներին միանում են զբոսաշրջիկներ ամենատարբեր երկրներից, այցելություններ են եղել նաև հեռավոր Բրազիլիայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]