Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը և Պորտուգալիան ընդլայնում են գործարար կապերը, խթանում ներդրումները. ստորագրվեց հուշագիր

Հայաստանը և Պորտուգալիան ընդլայնում են գործարար կապերը, խթանում 
ներդրումները. ստորագրվեց հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Պորտուգալիան մտադիր են առևտրատնտեսական ոլորտում ընդլայնել համագործակցությունը, երկու երկրների համապատասխան կառույցների ղեկավարները ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ գործարար կապերն ամրապնդելու, ներդրումները խթանելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության նախագահ Լուի Կաստրո Հենրիկեսը և Ներդրումների աջակցման կենտրոնի (Enterprise Armenia) տնօրեն Լևոն Օհանեսյանը հուշագիրը ստորագրեցին սեպտեմբերի 16-ին Երևանում:

Enterprise Armenia-ն արդեն տասնյակից ավելի այսպիսի համագործակցության հուշագրեր է ստորագրել: Oհանեսյանը նկատեց, որ օտարերկրյա ներդրումների տեսանկյունից Հայաստանը հետաքրքիր է նաև որպես ԵԱՏՄ շուկա:

Ներկայում Հայաստանը Պորտուգալիայի հետ ունի որոշակի բիզնես համագործակցություն: Սակայն Օհանեսյանը վստահ է, որ դեռ շատ աշխատելու տեղ կա: «Մենք պետք է ամրապնդենք այդ երկկողմանի բիզնես կապերը, կազմակերպենք գործարար համաժողովներ, որոնց ընթացքում մեր և Պորտուգալիայի գործարարները միմյանց հետ կծանոթանան և կսկսեն համատեղ աշխատանքը»,- ասաց նա:

Հուշագրով համագործակցության ընդլայնման, համաժողովների շնորհիվ գործնական կապերի ամրապնդման պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Պորտուգալիան իր ներդրողներին կուղղորդի մեզ, մենք մեկ պատուհանի սկզբունքով կսպասարկենք ներդրողներին, կաջակցենք բոլոր փուլերում: Ինչպես նաև, եթե հետաքրքրություն լինի հայկական կողմից ներդրում անելու Պորտուգալիայում, նույն կերպ կփոխանցենք պորտուգալական կողմին»,- ասաց Օհանեսյանն ու շնորհակալություն հայտնեց դիվանագիտական կորպուսին, Պորտուգալիայում ՀՀ դեսպանին:

Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության նախագահ Լուի Կաստրո Հենրիկեսն էլ նշեց. «Հավատում ենք, որ Հայաստանը մոտ ապագայում շատ ավելի հետաքրքիր կլինի Պորտուգալիայի բիզնեսի համար: Ներկայումս Պորտուգալիայի բիզնես-համայնքն այնքան էլ ծանոթ չէ Հայաստանին: Սա առաջին քայլն է»:

Նա խոսեց նաև Հայաստանի և Պորտուգալիայի աշխարհագրական դիրքերից: «Մենք հավատացած ենք, որ երբ պորտուգալական ընկերությունները հասնեն Հայաստան, մենք կնայենք ամբողջ տարածաշրջանին, որոնց հետ դուք առևտուր ունեք, և երբ հայկական ընկերությունները հասնեն Պորտուգալիա, նրանք կնայեն տարածաշրջանին, որոնց հետ Պորտուգալիան առևտուր ունի»,- ասաց նա:

Լուի Կաստրո Հենրիկեսը շեշտեց՝ ներկայում աշխատում են երկու երկրների միջև առևտուրն ընդլայնելու ուղղությամբ: «Մենք առևտրի նոր հնարավորություններ ենք փնտրում՝ ոչ միայն ընդլայնելու ներկայիս արտահանումը, այլ նաև դիվերսիֆիկացնելու արտահանման պորտֆելը»,- ասաց նա:

Լուի Կաստրո Հենրիկեսը Հայաստանում ունեցած հանդիպման արդյունքում համոզվել է նաև, որ կան մի քանի ոլորտներ, որոնք Պորտուգալիայից հետագա պոտենցիալ ներդրումներ կարող են ունենալ, հատկապես ՏՏ ոլորտը, սննդի արտադրության ոլորտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]