Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի եւ ատլանտիզմի ժամանակն անցնում է. Եվրոպան ստիպված կլինի լրջորեն զբաղվել սեփական բանակի ստեղծմամբ

ՆԱՏՕ-ի եւ ատլանտիզմի ժամանակն անցնում է. Եվրոպան ստիպված կլինի լրջորեն 
զբաղվել սեփական բանակի ստեղծմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռ երկար ժամանակ պետք է անցնի, մինչեւ պաշտոնապես հայտարարվի ՆԱՏՕ-ի անհետացման մասին, սակայն դաշինքի ֆունկցիոնալ գոյությունը մոտենում է ավարտին: Եվրոպան առայժմ խորհրդանշական կապեր կպահպանի ԱՄՆ-ի հետ բավական երկար ժամանակ կամ գոնե այնքան, որքան կպահանջվի Ամերիկայից՝ իր արմատներին վերադառնալու համար (Թրամփի նոր մանդատը կամ ասպարեզում ավելի արմատական քաղաքական գործչի հայտնվելը կարող է խզել այդ խորհրդանշական կապերը): Օրը, երբ Եվրոպան լրջորեն կզբաղվի սեփական բանակի ստեղծմամբ, կլինի այն օրը, երբ ատլանտիզմը կդադարի գոյություն ունենալ որպես գլոբալ իշխանության առանցք: Այս մասին գրում է խորվաթական «Advance»-ը:

Հոդվածագիրը՝ Դ. Մարյանովիչը, հիշեցնում է, որ հինգ տարի առաջ Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսպիսի հայտարարություն է արել՝ հանդես գալով Եվրոպական խորհրդարանի առջեւ. «Մենք շատ բանով ենք պարտական ամերիկացիներին… բայց նրանք ոչ միշտ կպահպանեն եվրոպական անվտանգությունը: Դրա մասին ինքներս պետք է հոգանք, ուստի մեզ, հանուն անվտանգության, Եվրոպական միության շինարարության նոր մոտեցում է անհրաժեշտ, որի վերջնական նպատակը կլինի եվրոպական բանակի ստեղծումը»:

Դա 2016 թվականն էր, ժամանակ, երբ Բարաք Օբաման հեռանում էր պաշտոնից, իսկ ԱՄՆ-ը եւ ողջ աշխարհը պատրաստվում էին Հիլարի Քլինթոնի նախագահությանը: Ճիշտ է՝ վերջինս այդպես էլ նախագահ չդարձավ. Հիլարիին շրջանցեց Դոնալդ Թրամփը: Բայց, չնայած Միացյալ Նահանգների հսկայական անակնկալին, շատերը եվրոպական բանակի հայեցակարգը դեռ դիտում էին որպես արմատական եւ բոլորովին ավելորդ գաղափար: Այդ կարծիքը, սակայն, փոխվեց այն բանից հետո, երբ Թրամփն անցավ մեկուսացման հռետորաբանության, որը 4 տարի անց էլ մնաց հռետորաբանություն: Սակայն ՆԱՏՕ-ի հասցեին նրա քննադատությունն «անցավ» Եվրամիության «միջանցքներով» եւ ստիպեց լրջորեն մտածել առանց ամերիկյան աջակցության ապագայի մասին:

Իհարկե, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հարաբերություններում երկու կողմերն էլ գիտեն, թե ով է ղեկավարում, ով է ենթական: Եվրոպայի մի զգալի հատված չդիմադրեց, քանի որ նրանք այդ հարաբերությունների մեջ երաշխիք էին տեսնում, որ իրենք չեն հայտնվի սոցիալիստական բլոկում, ինչպես Արեւելյան Եվրոպան: Բայց ԽՍՀՄ-ի եւ սոցիալիստական բլոկի փլուզումից հետո հարաբերությունները, այսպես կոչված՝ ատլանտիզմը, պարզապես պահպանվեցին եւ էականորեն չփոխվեցին մինչեւ մեր օրերը: Բացի այդ, որոշ առումներով Ամերիկայի ազդեցությունը Եվրոպայի վրա այսօր նույնիսկ ավելի մեծ է, քան նախկինում:

Միեւնույն ժամանակ Եվրոպան շատ հստակ է արձագանքում ամերիկյան հզորության թուլացմանը, բայց այդ փաստին արձագանքում է փոքր-ինչ անհամաձայնեցված: Մի կողմից՝ խուճապ է տիրում, վախ՝ անորոշությունից: Ավելի քան կեսդարյա հարաբերություններից հետո, ինչպիսին էին դրանք ԱՄՆ-ի ու Եվրպայի միջեւ (եւ դեռ մնում են), ցանկացած փոփոխություն կարող է անհանգստություն առաջացնել: Մյուս կողմից՝ կա եվրոպական էլիտայի մի թեւ, որը որոշ ժամանակ, իսկ իրականում՝ տարիներով, սպասում էր իրադարձությունների նման զարգացման եւ պատրաստվում է եվրոպական ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը:

Հենց այն փաստը, որ Եվրոպայի որոշումները դեռեւս մեծապես կախված են Վաշինգտոնից, հստակ ցուցադրում է, թե Եվրոպայում որ խմբակցությունն է առաջվա պես ավելի բազմամարդ: Ուստի զարմանալի չէ այն մեծ եւ նույնիսկ մի քիչ չափազանցված ոգեւորությունը, որով եվրոպական ավանդական ուժային կառույցներն ընկալեցին անցած տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջոզեֆ Բայդենի հաղթանակը: Բայդենը ներկայացնում է որոշակի խորհրդանիշ՝ «վերադարձ հնին», շեղում նոր ուղղություններից եւ հույս տալիս, որ ատլանտիզմը կարող է վերադառնալ այնտեղ, որտեղ եղել է տասնամյակներով:

Պարզ է, որ այդ գաղափարը բախվեց դաժան իրականությանը ընդամենը օրեր առաջ: Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որպես միջազգային ասպարեզում ամերիկյան հզորության թուլացման լրացուցիչ հաստատում: Շատերը դժկամությամբ էին ընդունում այդ փաստը, բայց, ի վերջո, ընդունեցին: Ժան-Կլոդ Յունկերը եւ մյուսները դա ընդունեցին հինգ տարի առաջ, բայց այժմ, հաշվի առնելով նոր իրողությունները, նրանց ծայրահեղական գաղափարներն աստիճանաբար վերածվում են ռացիոնալ նկատառումների:

Իհարկե, հարցը, թե «ո՞վ է պաշտպանելու Եվրոպան, եթե ոչ Միացյալ Նահանգները», վաղուց է հնչում: Ինչ-որ մեկի համար 2014 թ. իրադարձությունները, երբ Ռուսաստանի Դաշնությունն իրեն միացրեց Ղրիմը, որոշակի միտում ունեն, եւ մինչեւ հիմա պահպանվում է վտանգը «ռուսական ագրեսիայից», որի հետ Եվրոպան, իբր, կբախվի արդեն ամենամոտ ժամանակներում: Այդ վախով, հավանաբար, ամենից շատ համակված են նրանք, ովքեր գաղտնի կարծում են, որ գոյություն ունեցող աշխարհակարգը ծայրահեղ անկայուն է, քանզի միայն այդ դեպքում կարելի է լրջորեն մտածել Եվրոպայում կամ Եվրասիայում նոր կոնֆլիկտների մասին: Եթե իրավիճակը շարունակվի այնպես, ինչպես որ է, դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կցանկանա հարձակվել Եվրոպայի վրա՝ լինի Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան…

Իրավիճակն ավելի վտանգավոր է, եթե Եվրոպան «պաշտպանություն» բառն օգտագործի որպես «հարձակման հավանականություն»: Հնարավո՞ր է պատկերացնել, որ մոտ ապագայում Եվրոպան (այսինքն՝ ԵՄ-ն), տարանջատվելով ԱՄՆ-ից, ինչ-որ հարձակում նախաձեռնի արտասահմանում: Ցավոք, այո: Եվրոպայում միլիտարիզմը շատ է, որը սնվել է եվրոպա-ամերիկյան ռազմական համագործակցության տարիներին, եւ նրա հավակնություններն այսօր այնքան մեծ են, որ միլիտարիստները երազում են  Եվրոպան «շարունակել այնտեղից, որտեղ կանգնել է Ամերիկան…»:

Պետք չէ առանձին շեշտել, որ սա ճանապարհ է դեպի Հին մայրցամաքի հերթական փլուզում: Ջո Բայդենը, հնարավոր է, շատ քաոսային կերպով է հեռացել Աֆղանստանից՝ միեւնույն ժամանակ վտանգի տակ դնելով իր վերընտրությունը: Բայց Բայդենն ասաց այն, ինչը հիշողության մեջ կմնա որպես նրա պատմական հայտարարություն. «Ազգի կառուցումը չի գործում: Խնդիրը նրանում է, որ մենք չլսեցինք եվրոպացիներին, ովքեր ի պատասխան համերաշխորեն եւ խստորեն կդատապարտեին ազգաշինության սպառնալից հայեցակարգը»:

Եթե ամերիկացիները հեռանան «ասպարեզից», ԵՄ-ն կունենա՞ իր բանակը: Հավանաբար, այո: Բայց ավելի լավ կլիներ, որ պատասխանը «ոչ» լիներ: Չնայած անհնար է հերքել, որ աշխարհի բոլոր երկրները զինված են (ինչպես երեւում է, մինչեւ ատամները), եւ այդպիսի աշխարհում միամտություն կլիներ խոսել ապառազմականացված մայրցամաքների մասին: Եթե անհրաժեշտ է, թող լինի, բայց այդ բանակը պետք է իմանա, թե որտեղ է իր տեղը՝ զորանոցներում եւ զորավարժությունների համար նախատեսված տարածքներում (եվրոպական), այլ ոչ թե Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում կամ, որ ամենավատն է, Եվրամիության արեւելյան սահմաններում առկա հակամարտություններում: 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]