1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վարչապետն ու Իվան Կորչոկը կարևորել են ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում

ՀՀ վարչապետն ու Իվան Կորչոկը կարևորել են ԼՂ հակամարտության կարգավորումը 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը:

«Վարչապետը ողջունել է պարոն Կորչոկի այցը Հայաստան և կարևորել  Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Սլովակիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետաքրքրություն է ցուցաբերվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ նախորդ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, վերջինիս կողմից հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին:

Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:

Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը և շեշտել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության կարևորությունը:

Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման հարցում իր երկրի կառավարության շահագրգռվածությունը: Իվան Կորչոկը կարևորել է տնտեսության, այդ թվում՝ բիզնես կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ պոտենցիալի իրացման կարևորությունը, նաև փոխանցել Սլովակիայի ղեկավարության բարեկամական ուղերձները հայ ժողովրդին ու Հայաստանի վարչապետին։

Պարոն Կորչոկը հայտնել է՝ տպավորված է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով ու շեշտել՝ չնայած համավարակի ու պատերազմի հետևանքներին, Հայաստանը բռնել է զարգացման ուղի։

Պարոն Կորչոկն ընդգծել է, որ Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Սլովակիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը և իր երկրի աջակցությունը հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]