Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ճանապարհի կեսին չկանգնելով, կամ ֆուտբոլի ընտրանու խաղերի ամփոփում  

Ճանապարհի կեսին չկանգնելով, կամ ֆուտբոլի ընտրանու խաղերի ամփոփում

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է մնալ երկրորդը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J ենթախմբում:

Մունդիալի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն անցկացրեց հերթական երեք հանդիպումները՝ երեք բացարձակ տարբեր խաղեր, որոնք այլ տեսք, տրամադրություն և որակ ունեին: Մինչ 4-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը Հայաստանի ընտրանին ուներ 100-տոկոսանոց արդյունք և երեք խաղերում տոնել էր 3 հաղթանակ և 9 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Այս հանգամանքը շատ մեծ քննարկման առիթ դարձավ հայկական մամուլում, ինչպես նաև արձագանք ստացավ գերմանական ԶԼՄ-ներում: Գերմանիան, որ աշխարհի 10 լավագույն հավաքականների շարքում է, մրցաշարային աղյուսակում միայն երկրորդն էր:

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում Կապառոսի թիմը խաղում առավել շատ միջին գծում, և տպավորություն էր ստեղծվում, թե թիմի համար ընդունելի է նաև ոչ-ոքի արդյունքը, ինչի դեպքում կունենայինք 10 միավոր: Սակայն վիճակագրությունը խոսում էր այն մասին, որ մակեդոնացիները առավել շատ են տիրում գնդակին, առավել դիպուկ են փոխանցումների ժամանակ և առավել արդյունավետ են: Ինչևէ, խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Գերմանիայի դեմ խաղում Հայաստանի ընտրանին «փշուր-փշուր» եղավ առաջին կեսի ընթացքում, քանի որ մինչ ընդմիջումն արդեն պարտվում էր 0:4 հաշվով, իսկ երկրորդ կեսում բաց թողեց ևս երկու գնդակ: 0:6 հաշիվն ինքնին խոսում էր թե խաղի, թե թիմերի մակարդակի մասին: Կրակի վրա յուղ լցրեց Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը, ով խաղից հետո հայտարարեց, որ Հայաստանի, Մակեդոնիայի և Իսլանդիայի նման թիմերը չեն կարող խաղալ աշխարհի առաջնությունում:

Մրցափուլի այս հատվածը եզրափակվեց Լիխտենշտեյնի դեմ խաղով, որի վիճակագրությունը բացարձակ առավելություն էր տալիս Հայաստանի ընտրանուն, սակայն վերջնական հաշվի համար ուրախ և գոհ էին Լիխտենշտեյնի ընտրանու ֆուտբոլիստները:

Ինչ ունենք

 Ի տարբերություն ընտրական փուլի առաջին երեք խաղերի՝ հաջորդ երեք խաղերում Հայաստանի ընտրանու գործողություններում չկար կարգապահություն, չկար այն խաղաոճը, որը հստակ երևում էր մեկնարկում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը այս երեք խաղերի ավարտին և, հատկապես, Լիխտենշտեյնի դեմ խաղից հետո շեշտեց, թե «ֆուտբոլն այսպիսին է, երբեմն՝ անարդար»:

Երեք խաղերից հետո մասնագետների և ֆուտբոլասերների շրջանում մեծ քննարկում ծավալվեց, որ ընտրանին ոչ այնքան հաջող է գործում, երբ հավաքականին միանում է երկարամյա ավագ, «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ֆուտբոլասերներն ասում էին, որ միայն փաստերը հաշվի առնելով, հավաքականը հաղթել էր նախորդ խաղերում, որոնց չի մասնակցել Մխիթարյանը, և միայն երկու միավոր է վաստակել նրա մասնակցությամբ խաղերում: Ոմանք կարծիք հայտնեցին, թե Մխիթարյանի մասնակցությունը ինչ-որ կերպ իր ազդեցությունն է թողնում մյուս ֆուտբոլիստների վրա:
Սակայն Մխիթարյանը եղել և մնում է Հայաստանի ընտրանու այն առաջատարը, որը կրում է բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի կոչումը և կարողանում է գործել և ստեղծել խաղն այն դիրքերում, որտեղ նշանակում է մարզիչը: Մխիթարյանը լավագույն կիսապաշտպաններից է Եվրոպայում, սակայն ֆուտբոլ խաղում են 11-ով: Մեսսին լավագույններից է  մարդկության պատմության ընթացքում, սակայն Արգենտինան դեռևս աշխարհի չեմպիոն չի դարձել նրա օրոք:

Ինչ եղավ

Հայաստանի ընտրանին երեք խաղերից առաջինում կորուստներ ուներ. չկային հիմնական առաջատարները, և դա, ինչ խոսք իր հետևանքն ունեցավ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի արդյունքի վրա: Գերմանիայի դեմ հանդիպմանը բունդեսմեքենան, անխոս, առանձնակի էր մոտեցել, քանի որ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակի առաջատարն էր, քանի որ Գերմանիան նոր գլխավոր մարզիչ ուներ, որն իր հերթին իր բարձր կարգն ապացուցելու անհրաժեշտություն ուներ: Պետք չէ մոռանալ նաև, որ տարիներ առաջ Գերմանիան չխնայեց նաև աշխարհի բազմակի չեմպիոն Բրազիլիային, հիմա չպիտի խնայեր իր հեղինակության վրա ստվեր գցող Հայաստանինի: Բայց որ անընդունելի կարելի է համարել Լիխտենշտեյնի դեմ խաղի արդյունքը, դրա մասին պետք է բարձրաձայնել: Նմանատիպ թիմերի դեմ, նմանատիպ մրցաշարերում օդի ու ջրի պես պետք են այդ 3 միավորները:

Ինչու

Եթե ընտրական մրցաշարի առաջին երեք խաղերից ունեինք 9, ապա հաջորդ երեք խաղերում վաստակեցինք միայն 2 միավոր: 3 խաղում խփել ենք մեկ գնդակ, այն էլ 11-մետրանոցից: Հայաստանի ընտրանին խնդիր ունի պահերն իրացնելու հետ: Գրոհները եզրափակող ֆուտբոլիստը դեռևս վերջնականապես չի ընդգծվում հավաքականում, ինչը բերում է այս իրավիճակին: Եթե Մունդիալի մեկնարկում Հայաստանի ընտրանին մրցակիցների համար «մեծ խնդիր չէր», հիմա կարելի է ասել, որ մեր դեմ խաղերի հանդեպ լուրջ մոտեցում կա:

Ճանապարհի կեսին չկանգնելով

Հայաստանի հավաքականում փոխվել է ամենակարևորը` մտածելակերպը: Մտածելակերպ փոխողը ընտրանու գլխավոր մարզիչ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսն է: Անկախ նրանից, թե ընտրանին կհաղթահարի՞ Մունդիալի որակավորման փուլի արգելքը, կզբաղեցնե՞նք մենք, արդյոք, այդ բաղձալի երկրորդ տեղը, և անկախ նրանից, թե երկրորդ տեղից դուրս գալով՝ հետագա խաղերում կկարողանա՞նք հաղթել, Կապառոսը պետք է հայկական ֆուտբոլին: Նրա աշխատանքը դեռևս իր պտուղները կտա տևական ժամանակ հետո, երբ երիտասարդական ընտրանու այսօրվա սերունդը կգա փոխարինելու, քանի որ նրանք տեսել են, թե ինչպես Հայաստանի ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ, ինչ-որ մրցաշարում` այս դեպքում Ազգերի լիգա ենթախմբում հաղթանակներ է տարել: Ճանապարհի կեսն անցել ենք, հիմա առավել, քան երբևէ պետք է տալ ամեն ինչ հաջորդ 4 խաղերում հաջողության հասնելու համար:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]