Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

UNLIKE՝ հայկական արտադրության դիզայներական հագուստի նոր բրենդ

UNLIKE՝ հայկական արտադրության դիզայներական հագուստի նոր բրենդ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, բլոգեր Հերմինե Ստեփանյանն ու դիզայներ Գայանե Սողոմոնյանը միավորել են ջանքերը՝ ստեղծելով հայկական արտադրության հագուստի նոր բրենդ՝ UNLIKE Fashion Outbreak-ը: Այն ստեղծվում է բարձրորակ կտորից, համահունչ է միջազգային թրենդներին և միևնույն ժամանակ հասանելի է հասարակության լայն խմբերին: Սեպտեմբերի 15-ից Երևանի Տպագրիչներ 4 հասցեում տեղակայված սրահից զատ, UNLIKE-ի հագուստի տեսականին հնարավոր կլինի ձեռք բերել նաև հայ դիզայներների կողմից ստեղծված «5 Concept» մուլտիբրենդային կոնցեպտուալ խանութ-սրահից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բրենդի «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»,-ի էջերը միշտ հասանելի են օնլայն գնումները նախընտրողների համար:

Բրենդի համահիմնադիր Հերմինե Ստեփանյանի խոսքով՝ հատկապես պատերազմից հետո մեծ էր ցանկությունը ներդրում ունենալ Հայաստանի տնտեսական առաջընթացի գործում: Եվ հայկական արտադրության որակյալ և հասանելի նորաոճ հագուստի ստեղծումն այն էր, ինչի մասին Հերմինեն առաջինը մտածեց: «Տարիներ շարունակ համագործակցում եմ դիզայներ Գայանե Սողոմոնյանի հետ: Soghomonyan Fashion-ի հետ այլ կոնցեպտով աշխատելու մեծ ցանկություն ինձ մոտ առաջացավ «Life is beautiful with Hermine Stepanyan» նախագծի համար ստեղծված կապսուլային հավաքածուից հետո: 2020 թվականի համավարակն ու մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն ինձ ավելի ու ավելի պարտավորեցրին, որ պետք է ոգեշնչման նոր աղբյուր գտնել, վերականգնվել ու սեփական հողում կրկին արարել: Երբ խոսեցի Գայանեի հետ, հասկացանք, որ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ հայկական նորաձևության, արտադրության զարգացման ու կայացման գործում»,- ասում է հաղորդավարուհին:

Հերմինե Ստեփանյանն ու Գայանե Սողոմոնյանը Գտան ներդրողների ու այսօր արդեն UNLIKE-ն իրականություն է՝ հարմարավետը, հետաքրքիր դիզայնն ու առանձնահատուկը գնահատողների համար:

Ավելի քան 25 տարի նորաձևության ոլորտում գործունեություն ծավալող դիզայներ Գայանե Սողոմոնյանը նշում է, որ դեռ դպրոցական տարիքից սիրում էր կարել իր զգեստներն ու տարբերվել հասակակիցներից: «Այդ եզակիությունն ընդգծելու սկզբունքը պահպանեցի նաև հետագա  գործունեության մեջ և դա փորձում եմ արտահայտել իմ ցանկացած հավաքածուում: UNLIKE-ի հավաքածուները ստեղծելիս ես միշտ ժպտում եմ, որովհետև մեր բրենդը տրամադրության մասին է՝ վառ գույներով»,- նշում է դիզայները:

 

Ինչո՞ւ UNLIKE

Բրենդի համահիմնադիրները նշում են, որ թիմային ու ստեղծագործական միջավայրում քննարկել են բրենդի անվան, հավաքածուի գույների ու գործվածքի ընտրության հարցը: Կանգ են առել UNLIKE բառի վրա, որ նշանակում է ուրիշ, տարբեր, չնմանվող:

«Մեր բրենդի անվանումը պետք է լիներ ոչ կարծատիպային, հիշվող, ինչու ոչ՝ ինտրիգային: Այս անվանումն ինքնին մարտահրավեր է. այն ամբողջությամբ մեր մասին է»,- ընդգծում է Հերմինե Ստեփանյանը:

Հագուստի UNLIKE բրենդը իր շուկան ընդլայնելու ծրագրեր ունի, ինչպես նաև կառաջարկի նոր ու տարբերվող տեսականի իր հաճախորդներին: Առաջիկայում, բացի սեզոնային օվերսայզ հարմարավետ հագուստից, UNLIKE-ը կհամալրվի նաև երեկոյան զգեստներով: Իսկ աշուն-ձմեռ հավաքածուն չի ուշանա։

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]