1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Սողոմոնի երգերը» ֆիլմի համար Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

«Սողոմոնի երգերը» ֆիլմի համար Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սողոմոնի երգերը» ֆիլմի ստեղծմանը և ֆիլմում բարձրացվող ցեղասպանության թեմայի տարածմանն աջակցելու համար ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Դերասանին սեպտեմբերի 10-ին հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի համար այս բարդ շրջանում անվանի արվեստագետը տեսնի Հայաստանը լուսավոր կողմերով, բազմազանության մեջ, իսկ հայ մարդուն ճանաչի իր զվարթությամբ և կենսասիրությամբ: Այնուհետև նախարարի տեղակալն անդրադարձել է հանդիպման առիթին, որի հիմքում Նիք Վալլելոնգայի հեղինակած «Սողոմոնի երգերը» ֆիլմն էր:

«Դուք հավանաբար գիտեք, որ Հայոց ցեղասպանության թեման հայ ժողովրդի պատմության ցավոտ և ողբերգական էջերից է: Վերջին տասնամյակներում շատ մեծ ջանքեր են գործադրվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն առաջ տանելու ուղղությամբ, և ես վստահեցնում եմ, որ դա միայն մեր վիշտն ու  ողբերգությունն աշխարհին ներկայացնելու համար չէ, այլ կանխելու համանման երևույթների հավանականությունն առհասարակ: Ուզում եմ՝ իմանաք, որ մեծ գործով  Ձեր ներդրումն ունեցաք այս կարևոր խնդրում: Դուք հիմա շարունակում եք մի կարևոր գործ՝ նպաստում, ջանքեր եք գործադրում «Սողոմոնի երգերը» ֆիլմի տարածման ուղղությամբ՝ այդ գործում, անշուշտ, հանդիպելով բազմաթիվ դժվարությունների: Ես վստահ եմ, որ այս ամենը Դուք անում եք ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ՝ հանուն ինչ-որ բանի: Պատահական չէ, որ ես իմ խոսքը սկսեցի հայ մարդու զվարթության թեմայով, որովհետև Կոմիտասի պատկերը որքան էլ  ասոցացվի Հայոց ցեղասպանության հետ, Վարդապետը եղել է շատ ուրախ, զվարթ, կատակաբան մարդ և գործիչ»,-  ընդգծել  է  Արա Խզմալյանն ու իր խորին երախտագիտությունը հայտնել անվանի արվեստագետին:

Այնուհետև նախարարի տեղակալն ընթերցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանը՝ Նիք Վալլելոնգային պարգևատրելու մասին: 

 «Ի երախտագիտություն Ձեր կատարած մեծ գործի»,- հանձնելով գերատեսչական պարգևը՝ նշել է Արա Խզմալյանը:

Նիք Վալլելոնգան էլ իր հերթին է խորին շնորհակալություն հայտնել և նշել, որ անչափ հպարտ է պարգևը ստանալու համար:

«Մինչև ֆիլմի ստեղծումը ես արդեն գիտեի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ Նյու Յորքում ապրող իմ մանկության մտերիմ ընկերը հայ է, և նա արդեն ծանոթացրել էր ինձ հայ ժողովրդի համար ողբերգական այս էջերին: «Սողոմոնի երգերը» ֆիլմը ստեղծել եմ, որպեսզի ամբողջ աշխարհում ճանաչելի լինի այս թեման»,- ասել է Նիք Վալլելոնգան՝ հավելելով, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: 

Նշենք, որ հայ-ամերիկյան արտադրության ֆիլմը ստացել է նաև ՀՀ պետական աջակցություն: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

«ՓԻՓԼ ՕՖ ԱՐ» ընկերության կողմից նկարահանված «Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմական դրամա է, որը պատմում է 1881-1915 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների, հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետի մանկության տարիների ընկերության մասին, որն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով:

Ռեժիսոր՝ Արման Նշանյան: Արտադրողներ՝ Արման Նշանյան, Ասկո Հակոբյան, Նիք Վալլելոնգա: Համարտադրող՝ Անի Որսկանյան: Սցենարի հեղինակ՝ Օդրի Գևորկիան: Դերերում՝ Սամվել Թադևոսյան, Արտաշես Ալեքսանյան, Ժան Նշանյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Տաթև Հովակիմյան, Արևիկ Գևորգյան և այլք:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]