Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Որոշվել են խոհարարական գրքի ստեծման մրցույթի հաղթող ուսանողական թիմերը

Որոշվել են խոհարարական գրքի ստեծման մրցույթի հաղթող ուսանողական թիմերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են  «Համեղ, առողջ, յուրահատուկ և անվտանգ սնունդ» խորագրով խոհարարական գրքի ստեղծման մրցույթի արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում` «Անվտանգ բաղադրատոմս», «Առողջ բաղադրատոմս», «Համեղ բաղադրատոմս»: Հաղթողները ստացել են մրցանակներ և նվերներ:

Մրցույթը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ու «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Ըստ աղբյուրի՝ ողջույնի խոսքում Միջին մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ միջոցառման նպատակն է եղել խոհարարի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելն ու  մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը:

«Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված լավագույն ուտեստների բաղադրատոմսերից ստեղծվել է խոհարարական գիրք, որը հետագայում կարող է հանդիսանալ օժանդակ ձեռնարկ խոհարարի մասնագիտության բաժնի ուսանողների համար»,- նշել է նա:

Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի Դաշնության «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ)–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը։ Ողջունելով  մասնակիցներին` նա կարևորել է երիտասարդների շրջանում մասնագիտական կրթության խրախուսմանն ու կողմնորոշմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը։

«ՄԿՈՒ–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանն էլ նշել է, որ ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների, ինչպես նաև դպրոցների աշակերտների համար միջին մասնագիտական կրթությանը նվիրված տարբեր մրցույթների կազմակերպումը դարձել է ծրագրի կողմից իրականացվող միջոցառումների կարևոր բաղադրիչներից մեկը։

Մրցութային հանձնաժողովը հանդիսավորությամբ հանձնել է մրցանակները` ըստ անվանակարգերի:

««Անվտանգ բաղադրատոմս» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի 4-րդ թիմը (Մարդոյան Գրիգոր և Նալբանդյան Սամվել)` «Կարմիր աղցան» մրգաբանջարեղենային աղցանի բաղադրատոմսի համար:

 «Առողջ բաղադրատոմս» անվանակարգում հաղթողի մրցանակը շնորհվել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի 1-ին թիմին՝ (Զոզանյան Արման, Հունանյան Հենրիկ և Սարգսյան Վահե)` «Թանապուր» և «Փոխինձ կամ փոխինդ» բաղադրատոմսերի համար:

 «Համեղ բաղադրատոմս» անվանակարգը նվաճել է Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի թիմը (Զարգարյան Լևոն, Գրիգորյան Հունան, Հովհաննիսյան Ռոբերտ, Անդրեասյան Հրաչյա)` «Աղցան Սևան», «Անտառային գեղեցկուհի», «Ավելուկով ռոլ», «Թխվածք նրբաբլիթներով», «Իշխան Կոտայք», «Խոզի տապակա «Եղեգնաձոր», «Ղափամա սերկևիլով», «Պաշտետ Միքս», «Պրոֆիտրոլ «Միքս» բաղադրատոմսերի համար։

Ըստ միավորների հանրագումարի՝ առաջին տեղը գրավել է Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը, երկրորդ տեղը` Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, իսկ երրորդ տեղը` Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը:

Մրցույթի մյուս մասնակիցները խրախուսական մրցանակներ են ստացել «Յուրահատուկ բաղադրատոմս և ձևավորում», «Գործատուի համակրանք», «Ժյուրիի անակնկալ մրցանակ», «Ժյուրիի համակրանք», «Հեքիաթային բաղադրատոմս», «Խոհարարական մարտահրավեր» անվանակարգերում: Ներկայացված բոլոր բաղադրատոմսերը ներառվել են խոհարարական գրքում:

«Անվտանգ բաղադրատոմս», «Առողջ բաղադրատոմս» և «Համեղ բաղադրատոմս» անվանակարգերում հաղթած ուսանողների համար «DargettBrewpub» ռեստորանային համալիրի շեֆ խոհարարի կողմից կազմակերպվել է վարպետաց դաս»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ հավելելով, որ մրցութային  հանձնաժողովում ընդգրկված են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Միջին մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի, գործատուների և ՄԿՈՒ հաստատության ներկայացուցիչներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]