Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Թուրքագետի խոսքով՝ էրդողանի հայտարարություններին հավատալը ֆանտաստիկայի ոլորտից է

Թուրքագետի խոսքով՝ էրդողանի հայտարարություններին հավատալը ֆանտաստիկայի 
ոլորտից է

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը չի հավատում Թուրքիայի նախագահի այն խոսքերին, թե Անկարան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետը կարծիք հայտնեց, որ Թուրքիան առաջվա պես շարունակում է իր թշնամական և նախապայմանների վրա հիմնված քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, և այդ հարցում, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Հետևաբար, այս իրավիճակում կարծել, թե Անկարան գործնական քայլեր կանի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, Չաքրյանի կարծիքով՝ ֆանտաստիկայի ոլորտից է:

«1991-ից ի վեր Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրել, որոնք անհարիր են միջազգային պրակտիկայում: Դրանցից մեկը՝ չհիշատակել 1915-ի մասին, երկրորդ՝ ստիպել սփյուռքահայությանը, որ դադարեցնեն Թուրքիայի դեմ ուղղված իրենց գործունեությունը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը, և երրորդ՝ ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը: 1991 թվականից ի վեր բազմաթիվ կառավարություններ են փոխվել, նախապայմանները մնացել են նույնը, պարզապես ձևակերպումներն են փոխվել: Այսինքն՝ մտածել, որ Էրդողանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի, իրատեսական չէ», - ասաց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան իրական ցանկություն չունի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ պանթուրքիստական իր «վաղեմի երազանքի» պատճառով, որն է՝ Մեղրիով կապվել Ադրբեջանի հետ:

«Քանի դեռ այդ առաջադրանքը չի իրականացել՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի», - կարծում է Չաքրյանը:

Մասնագետի խոսքով՝ ըստ էության, ոչինչ չի փոխվել Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամական քաղաքականության մեջ, որը նախորդ տարի ամենավառ կերպով դրսևորվեց Արցախի դեմ սկսված պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված ռազմական ու քաղաքական անվերապահ աջակցությամբ:

«Թուրքիան առաջվա պես շարունակում է խրախուսել Ադրբեջանին: Ժամանակին, երբ Դավութօղլուն արտգործնախարար էր,  «բոլոր հարևանների հետ առկա հակասությունները զրոյականի» հասցնելու քաղաքական կուրս էր վերցրել: Բայց այսօր Թուրքիան չունի մի հարևան, թերևս բացառությամբ Վրաստանի, որի հետ չունենա խնդիրներ: Այսինքն՝ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը վերածվել է «զրո հարևան առանց խնդիրների»: Ի՞նչ եք կարծում՝ այս պայմաններում Հայաստանի հետ ինչպե՞ս պիտի վարվի, երբ նույնիսկ արաբական երկրների հետ չի կարողանում նորմալ հարաբերություններ պահպանել: Հետևաբար, Էրդողանի ասածներին հավատալը ավելի քան ֆանտաստիկա կլինի»,- ասաց Հակոբ Չաքրյանը:

Օգոստոսի 18-ին հրապարակվեց ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, որի «Արտաքին քաղաքականություն» բաժնում կա ենթակետ նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ծրագրից պարզ է դառնում, որ այս հարցում Հայաստանի կառավարությունը մնում է իր նույն դիրքորոշմանը՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների:

Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և եթե «Հայաստանը դրականորեն արձագանքի այդ հնարավորություններին», Թուրքիան էլ կանի անհրաժեշտ քայլեր:

Օգոստոսի 27-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից  որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից: «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։

Օգոստոսի 29-ին լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ինչին ի պատասխան Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիման վրա: Միաժամանակ Էրդողանը ակնարկել է, թե «անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի»:

«Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ՝ հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։

Արամ Սարգսյան

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]