1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են այսօր Տավուշի մարզից

Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են այսօր Տավուշի մարզից

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են օգոստոսի 20-ին, Տավուշի մարզից: Դրանց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

« Տավուշում մեկնարկած խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկա են եղել ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզային և հանրակրթության վարչության ներկայացուցիչներ: Քննարկումների օրակարգում ընդգրկված են եղել հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև Հանրակրթության պետական չափորոշչին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հատկապես Տավուշում այս տարի աշխատանքները շատ են՝ պայմանավորված մարզի ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկմամբ:

Խորհրդակցության սկզբում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Տավուշի մարզի արդյունքները: «Ընդունելության ցուցանիշը վատ չէ՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով դիմորդների շուրջ 76,7 տոկոսն ընդունվել է (614 դիմորդից ընդունվել է 471-ը), 81 դիմորդ ընդունվել է առաջին՝ անվճար հայտով: Տավուշի մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններ են ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան, անգլերենը և տուրիզմը»,- ասել է նա: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ են. «Գնահատականները ցածր են եղել հատկապես մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից: Ֆիզիկայի միջին միավորը եղել է 8,8: Հատկապես նոր չափորոշիչների փորձարկման ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես բարձրացնել բնագիտական առարկաների ուսուցման որակն ու արդյունավետությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը քննությունների արդյունքները կամփոփի նաև ըստ դպրոցների: Այդ ցուցանիշներին պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք ցույց են տալիս, թե ինչ բովանդակային անելիքներ կան կոնկրետ առարկաների ուսուցումը բարելավելու ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: «Հանրակրթության ոլորտն ընդգրկում է շուրջ կես միլիոն շահառու, և եթե այստեղ կանոնները չպահպանվեն՝ ընդհանուր վիճակի վրա ազդեցությունն ակնհայտ կլինի»,- համոզված է փոխնախարարը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:

Անդրադառնալով ուսումնական պլաններին՝ փոխնախարարն ասել է, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո: ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն էլ պարզաբանել է, որ բոլոր դասարաններում, բացի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններից, գործում են նախկին ուսումնական պլանները: Նոր մշակված ուսպլանների առանձնահատկությունն այն է, որ դրանք կիրառվելու են 2 տարի: Նա նաև նշել է, որ ընթացքի մեջ է տնօրենների վերապատրաստումը. նրանք ծանոթանում են ուսումնական պլանի մշակման սկզբունքներին: «Նոր ուսումնական տարի մուտք ենք գործելու նորամուծություններով, սակայն պետք չէ տագնապել: Մենք ձեր կողքին ենք և միասին կհաղթահարենք ցանկացած արգելք»,- վստահեցրել է Արտաշես Թորոսյանը:

Խորհրդակցությանը ներկա Տավուշի մարզի դպրոցների տնօրենները, կրթական ոլորտի ներկայացուցիչները նախարարի տեղակալին են ուղղել տարաբնույթ հարցեր դրույքաչափի, նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարիֆիկացիոն մատյանների կազմման, ֆինանսավորման չափաքանակների, կամավոր ատեստավորման, կրթության կազմակերպման վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]