Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

«Երևանյան բեսթսելեր». «Վայրի սիմֆոնիան» ամենապահանջվածն է. մանկական. հուլիս, 2021

«Երևանյան բեսթսելեր». «Վայրի սիմֆոնիան» ամենապահանջվածն է. մանկական. 
հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն առաջին տեղում է: Պատրա՞ստ ես խիզախ արկածների: Ճամփորդի՜ր ծառերի և ծովերի միջով Մաեստրո մկան և իր ընկերների ուղեկցությամբ: Ճանապարհին կհանդիպես մեծ կապույտ կետերի և վարազների, պստլիկ բզեզների և նրբագեղ կարապների: Բացահայտի՛ր ամեն մեկի թաքնված գաղտնիքը: Ճանապարհին կարող ես նկատել անակնկալներ, որ քեզ համար թողել է Մաեստրո մուկը. թաքնված բզզացող մեղու, խառը տառեր, որոնցից պետք է կազմես բանալի բառեր, և նույնիսկ թաքնված գաղտնաբառ, որը պետք է բացահայտես: «Նյու Յորք Թայմզ»-ի բեսթսելերային հեղինակ Դեն Բրաունը ստեղծել է իր անդրանիկ նկարազարդ գիրքը, որտեղ կգտնես խելացի, առեղծվածային, երաժշտական և բացառիկ զվարճալի պատմություններ:

Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Երրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Չորրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

«Շունն ու կատուն» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Վեցերորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը յոթերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:

Ութերորդ հորիզոնականում է Կառլո Կոլլոդիի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:

Իններորդ հորիզոնականում է  Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Տասներորդ տեղում է Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Դեն Բրաուն

«Վայրի սիմֆոնիա»

Զանգակ 230
2 +1 «Բոքոնիկը» Բուկինիստ 68
3 +4 «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 65
4 -2 «Շաղգամը» Բուկինիստ 61
5 +1 «Շունն ու կատուն» Բուկինիստ 59
6 * «Երեք խոզուկները» Բուկինիստ 52
7 +3

Հովհաննես Թումանյան

«Փիսիկի գանգատը»

Բուկինիստ 48
8 *

Կառլո Կոլլոդի

«Պինոկիո»

Բուկինիստ 46
9 0

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 44
10 *

Ջաննի Ռոդարի

«Հեքիաթներ հեռախոսով»

Զանգակ 40



Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]