Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-24/21. Նոբելյան մրցանակակրից մինչև թագաժառանգ հայոց  

«Նոր գիրք»-24/21. Նոբելյան մրցանակակրից մինչև թագաժառանգ հայոց

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ
Արմեն Մալխասյան, «Զարեհ՝ թագաժառանգ հայոց»

Պատմավեպում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում Ք. ա. 72-69 թթ. Ասորիքում, որն այդ ժամանակ մտնում էր արքայից արքա Տիգրան Մեծի կայսրության կազմի մեջ։  Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն 
Միգել Անխել Աստուրիաս, «Պարոն Նախագահ»

Գվատեմալացի հռչակավոր գրող Նոբելյան մրցանակի դափնեկիր, «մոգական ռեալիզմի» ռահվիրա Միգել Անխել Աստուրիասի (1899-1974) այս գլուխգործոցը, որ լույս է տեսել 1946-ին, ոչ միայն բռնապետների թեմայով գրված լատինամերիկյան կարևորագույն վեպերից է, այլև ամբողջ համաշխարհային գրականության ամենաառանցքային գործերից մեկը:
Հեղինակը պատկերում է անհայտ երկրի անանուն, սակայն իրական նախատիպ ունեցող մի բռնապետի և իր պատմությունը հյուսում՝ ներկայացնելով նրա տմարդի ու դաժան գործողություններից մի քանիսը միայն և ցույց տալով, թե ինչպես կարող են դրանք կործանել անհատների կյանքն ու ազդել ամբողջ հասարակության վրա: Վեպն իրական հիմքեր ունի. հեղինակը վկա է եղել, թե ինչպես է տանջամահ արվել իր երկրի բռնապետ նախագահի քաղաքական հակառակորդներից մեկը՝ վստահ, թե կինն անհավատարիմ է եղել իրեն:

Թարգմանիչ՝ Կառա Չոբանյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն
Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ, «Խորհրդավոր պարտեզը»

Մերի Լենոքսը՝ հիվանդոտ, քմահաճ ու կամակոր մի աղջնակ, համաճարակին զոհ գնացած ծնողների մահից հետո Բրիտանական Հնդկաստանից վերադառնում է Անգլիա և բնակվում առեղծվածներով լի յորքշիրյան մռայլ ու տարօրինակ մի կալվածքում: Աղախինը նրան հայտնում է, որ հսկա կալվածքի պարտեզներից մեկը կողպված է, իսկ բանալին թաղված է հողի տակ: Համառ ու հետաքրքրասեր աղջիկը որոշում է ամեն գնով գտնել «աներևույթ» պարտեզի բանալին: Այսպես սկսվում են Մերիի, նրա զարմիկի` Քոլինի և Դիքոն անունով գեղջուկ տղայի զարմանալի արկածները: Ֆ. Հ. Բրնեթի վեպը բնության և երեխաների անժխտելի, խորհրդավոր ներդաշնակության, ոգեղեն զարթոնքի մասին պատմող գողտրիկ ու սքանչելի մի պատմություն է, վիկտորիական մանկագրության լավագույն նմուշներից:

Թարգմանությունն անգլերենից` Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումը` Չարլզ Ռոբինսոնի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն
Գոհար Մանուկյան, «Հարյուր տարվա մարդասիրություն»

Ինչպե՞ս ստեղծվեց Հայկական Կարմիր խաչը, որո՞նք էին գործունեության ուղղությունները, ինչպե՞ս Հայաստանը դարձավ Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ եւ ինչպե՞ս հակազդեց պատերազմներին, երկրի ներքին խժդժություններին, բնական աղետներին, տնտեսական ու առողջապահական ցնցումներին։ Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելով է կառույցը կերտել իր փայլուն կենսագրությունը։ Այս գիրքը պատմում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) անցած 100 տարվա պատմության մասին։ Մեր ժողովրդի առաջ ծառացած մարդասիրական մարտահրավերներին արձագանքելու համար ստեղծվելով մեկ դար առաջ՝ ՀԿԽԸ-ն անցել է զարգացման երկար ճանապարհ՝ դառնալով երկրում գործող վստահելի ու եզակի կազմակերպություն։ Այդ ուղին լի է եղել խոչընդոտներով, դժվարություններով եւ ձեռքբերումներով։ Գիրքը լույս է ընծայել «Newmag» հրատարակչությունը:

 

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]