Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանը կփորձի հայկական բանակը հասցնել ռուսական բանակի մակարդակին

Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանը կփորձի հայկական բանակը հասցնել ռուսական 
բանակի մակարդակին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի կարծիքով՝ Ռուսաստանը փորձելու է հայկական բանակի արդիականացումը հասցնել ռուսական բանակի մակարդակին՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն ու աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով այն հարցը, թե կոնկրետ ի՞նչ մասնակցություն է ունենալու Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը և ի՞նչ բնույթի բարեփոխումների մասին է խոսքը, Մհեր Հակոբյանը պարզաբանեց, որ ենթադրաբար այդ բարեփոխումներն ուղղված կլինեն ինչպես կառավարման բարելավմանը, օդային գերակայության ապահովմանը, այնպես էլ այլ ոլորտների արդիականացմանը:

Բացի այդ, Ռուսաստանն, ըստ ամենայնի, կօգնի Հայաստանին վերականգնել նախորդ տարվա պատերազմում կրած ռազմատեխնիկական կորուստները:

«2021 թվականի երկրորդ կեսի զարգացումներից հասկանում ենք, որ համաշխարհային սահմանների ոչ ֆորմալ բաժանմամբ Արևմուտքը, այնուհանդերձ, Հայաստանը թողեց Ռուսաստանին: Այս պայմաններում Ռուսաստանը մեր երկիրն ընկալում է որպես իր ազդեցության լուրջ գոտի՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանի իշխող ուժը: Եվ սրանից ելնելով արդեն խնդիր է դրվում արդիականացնելու հայկական բանակը»,- նշեց Հակոբյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ հայկական բանակը մինչ այժմ մեծ հաշվով եղել է «խորհրդային տիպի լավ բանակ»: «Իհարկե, որոշ նոր տարրեր կային: Օրինակ՝ օդային կառավարում, կապի միջոցներ: Բայց սկզբունքորեն հայկական բանակն իր հիմնական ողնաշարով խորհրդային տիպի էր»,- նշեց նա:

 Սակայն այժմ, ըստ Մհեր Հակոբյանի, Ռուսաստանի զինված ուժերը, համաշխարհային զարգացումներին հնարավորինս համահունչ, փորձում են ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել, և այս համատեքստում բարեփոխումներ են իրականացվում նաև Հայաստանի զինված ուժերում:

«Ենթադրվում է, որ փորձ է արվելու ամենից առաջ հայկական բանակը հասցնել գոնե ռուսական բանակի մակարդակին՝ ներառյալ կառավարումը, օդային գերակայությունը և այլն, և այլն: Բացի այդ, ինձ թվում է՝ Ռուսաստանը բավական լրջորեն կվերականգնի վերջին պատերազմում մեր կրած տեխնիկական կորուստները: Բնականաբար, այդ ամենն իրականացվելու է առաջին հերթին իր շահերի համատեքստում, բայց այդ պրոցեսը օգտակար կլինի նաև Հայաստանի համար»,- մեկնաբանեց վերլուծաբանը:

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 11-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման ընթացքում Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերի արդիականացմանն ու իրականացվող բարեփոխումներին:

 Արամ Սարգսյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]