1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Նոր գիրք»-23/21. Վեհ զգացմունքներից մինչև կենցաղային հոգսեր  

«Նոր գիրք»-23/21. Վեհ զգացմունքներից մինչև կենցաղային հոգսեր

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ
Արմինե Գաբրիելյան, «Շուշաններ»

«Արդի» մատենաշարով լույս է տեսնում Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» ժողովածուն։ Այն հեղինակի անդրանիկ գիրքն է։ Ժողովածուն ընդգրկում է մի շարք պատմվածքներ, որոնցից որոշները հրապարակվել են գրական մամուլում։

Արմինե Գաբրիելյանի գրական կենսատարածքը Արարատյան դաշտն է, հերոսները՝ այնտեղ ապրող պարզ ու հասարակ մարդիկ, առավելաբար կանայք՝ իրենց առօրյա հոգսերով, մաքառումներով ու սիրով։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն
Ջեյն Օսթին, «Էմմա» 

Էմմա Վուդհաուսը՝ «վայելչատես, խելացի ու հարուստ», քսանմեկ տարեկանում որոշում է, որ ամուսնությունն իր համար չէ, ինքը պետք է ընդմիշտ մնա ծերունի հոր կողքին, իսկ իր խորաթափանցությունը, եռանդն ու բոլոր ուժերն ի սպաս դնի մերձավոր շրջապատի երիտասարդների ճակատագրերը միավորելու գործին:

Հարթֆիլդ կալվածքի շնորհաշատ տիրուհու բարի մտադրությունները, ազնվությունն ու մտավոր բարձր կարողությունները կասկածից վեր են, սակայն այս կերպարով ընդհանուր առմամբ հիացող անաչառ ընթերցողը մեկ անգամ չէ, որ նրա հանդեպ զայրույթով կլցվի իրասածի, անխոհեմ արարքների պատճառով: Բարեբախտաբար, Էմմայի կողքին մանկությունից ի վեր կա մի կորովամիտ բարեկամ, որը միշտ կարողանում է նկատել ու մատնանշել նրա սխալները, ճիշտ ճանապարհի բերել նրան: Ու հենց այդ վաղեմի բարեկամին էլ վիճակված է ի վերջո դրժել տալ երբեք չամուսնանալու նրա որոշումը:

Թարգմանությունն անգլերենից՝ Արմենուհի Փալանդուզյանի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն
Նիլ Գեյման, «Քորլայն»

Քորլայնի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր, նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան ետևում և պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ… հավերժ ու հավիտյան: Քորլայնից կպահանջվի մեծ քաջություն ու վճռականություն սպասվող փորձությունները հաղթահարելու համար: Նկարազարդումները` Քրիս Ռիդելի, թարգմանությունն անգլերենից` Արթուր Մեսրոպյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն
Ալան Բադիու, «Դարը»

«Դարը» աշխատության 13 տեքստերի հիմքում Փիլիսոփայության միջազգային քոլեջի սեմինարներում (1998-2001) Բադիուի կարդացած դասախոսություններն են: Նա խոսում է 20-րդ դարի մասին։ Ինչպե՞ս ընկալել այդ դարը։ Ինչպե՞ս ըմբռնել «դասական հանցագործության» էությունը (Հոլոքոստ, ԳՈՒԼԱԳ). չէ՞ որ այդ ոճիրները բնութագրվում են մտքի բացակայությամբ, չէ՞ որ այդ միտքը փոխարինվել է վիճակագրությամբ (միլիոնավոր զոհեր): Բադիուն համարում է, որ 20-րդ դարն ամենեւին էլ չի առաջնորդվել «պայծառ ապագայի» խոստումներով կամ «երկրային դրախտի» պատրանքով։ Ճիշտ հակառակը. առաջմղիչ ուժն իրականի հանդեպ կիրքն էր, ամեն ինչ «այստեղ եւ հիմա» իրագործելու տենչը: Այն ավետյաց դար չէր, այլ կենսագործելու դարաշրջան։ Իրագործման, իրացման, իսկույնեւեթ իրակերտելու դար էր, ոչ թե խոստումների եւ հուսադրման: Դարի վերջին 20 տարիները Բադիուն կոչում է 2-րդ Ռեստավրացիա: Իրականի տեղը բռնում է թիվը (հարցում, հաշիվ, բյուջե, վարկ, բորսա), մտքին փոխարինում է կարծիքը: Ըստ Բադիուի, դարի ոճրագործությունը չի ավարտվել. «Թերեւս հռչակավոր հանցագործներին փոխարինել են մանր-մունր քրեականները, որոնք նույնքան անանուն են, որքան բազում բաժնետիրական ընկերությունները»: Թարգմանիչն է Նազենի Ղարիբյանը: Գիրքը լույս է ընծայել «Newmag» հրատարակչությունը:

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]