1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արծաթի փայլը Տոկիոյում. լրագրողի օրագիր. ՄԱՍ 2

Արծաթի փայլը Տոկիոյում. լրագրողի օրագիր. ՄԱՍ 2

ՏՈԿԻՈ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական լրագրողներիս օրը օլիմպիական Տոկիոյում մեկնարկում է առավոտյան ժամը 06:30-ին: Հատկապես վերջին երկու օրերի ընթացքում մեր աշխատանքային գրաֆիկը խիստ լեցուն է և բազմաբնույթ: Տոկիոն Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հնարավորություն ստացավ իր ենթակառուցվածքների առկայության շնորհիվ նաև, սակայն ի տարբերություն Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի, այստեղ այդ ենթակառուցվածքները միմյանցից տասնյակ կիլոմետրերով են հեռու: Եթե մենք ուզում ենք ժամը 11:00-ին hասնել ըմբշամարտի համար նախատեսված համալիր, ապա գոնե մեկուկես ժամ պետք է հաշվի առնենք տեղափոխության համար:

Ինչպես գործընկերներիցս մեկն ասաց Տոկիո ժամանելուն պես, Տոկիոն քաղաք է, որը նույնքան գետնի տակ է և դրանից կրկնակին՝ բարձրության վրա: Տոկիոն, լինելով աշխարհի մեգապոլիսներից մեկը, բնավ աղմկոտ քաղաք չէ: Այս օրերի ընթացքում մենք ոչ մի անգամ չլսեցինք մեքենայի ազդանշանի ձայն և անգամ մեկ ճապոնացու չտեսանք առանց դիմակի:

Օգոստոսի 3-ը Հայաստանի օլիմպիական հավաքականի համար ամենահագեցած օրն էր: Այն սկսվեց Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում, որտեղ կապանցի Լևոն Աղասյանը իր ուժերը փորձեց եռացատկում, սակայն իր հնարավորություններից բավականին ցածր հանդես եկավ: Մարզադաշտում, ցավոք, մարզական լրագրողներից բացի Աղասյանին այլ աջակցողներ չկային, թեպետ հայկական պատվիրակությունը բավականին մեծ կազմով է ժամանել Տոկիո: Օրվա երկրորդ կանգառը Տոկիոյի կենտրոնում գտնվող բռնցքամարտի արենան էր, որտեղ պայքարի մեջ էր մտնելու Հովհաննես Բաչկովը` օլիմպիական մեդալի մեր հույսը: Ասել, որ Բաչկովի մենամարտը դիտարժան էր և լի էմոցիաներով, կնշանակի ոչինչ չասել: Հաղթանակի դեպքում նա կապահովեր առնվազն բրոնզե մեդալ, ինչը գիտակցում էինք ինքը՝ Բաչկովը և մենք: Բաչկովը դուրս եկավ ռինգ, հստակ կատարեց իր աշխատանքը և հաղթեց: Նա հաղթեց վստահ, և մենամարտի ավարտին նրա էմոցիաները խոսում էին միայն նրա տարիների ջանադիր և նվիրված աշխատանքի մասին:

Հետո պայքարի մեջ մտավ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը, ով հիացնում էր իր անթերի աշխատանքով և առաջին գոտեմարտը հաղթելուց հետո մրցեց Եգիպտոսը ներկայացնող Մոհամադ Էլսայեդի հետ, որտեղ աշխարհի ականջները խուլ էին, իսկ աչքերը չէին տեսնում ակնհայտ տուշեն` ասել է բացարձակ հաղթանակը: Մեր մարզչական շտաբը նախօրեին հստակ և բարձրաձայն հայտարարեց, որ մրցավարական թերությունները և բացթողումները մեզանից մեդալ խլեցին ու փոխեցին մեդալի գույնը: Այս խմորը դեռևս շատ ջուր կվերցնի, այս ամենը դեռևս շատ հարցեր կառաջացնի: Մի բան հստակ է՝ ինչ հետևանք կունենա նման մրցավարությունը հավաքականի ներքին վիճակի վրա, հայտնի չէ:

Հաջորդիվ հարկավոր էր երկու խմբի բաժանվել, և մենք` մարզական լրագրողներս, այդպես էլ արեցինք, քանի որ Սիմոն Մարտիրոսյանի, Արթուր Ալեքսանյանի և Կարապետ Չալյանի մրցելույթները նույն ժամին էին: Մենք ծանրամարտի դահլիճից հետևում էինք ըմբիշների ելույթներին: Չալյանը պարտվեց, նա պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում, ահա այսքանը:

Իսկ 97 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար կրկին 5 տարի անց պայքարում էր Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով մրցեց ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ: Արթուրը գոտեմարտում էր նախորդ օրվա մարտում ստացած վնասվածքով, բայց նա գոտեմարտում էր հանուն ոսկու: Այստեղ ևս մրցավարների թեթև ձեռքով ամեն ինչ այլ ընթացք ստացավ: Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը խոսեց և առանձնացրեց՝ այս տեսակ մեծ իրադարձություններում մրցավարների նման վերաբերմունքը անընդունելի է, նման կողմնապահությունը չի կարող լավ բանի բերել: Ինչևէ, նրանք դեռ կխոսեն, կխոսեն հնարավորինս բարձր:

Օրն ավարտվեց Տոկիոյի սրտում գտնվող ծանրամարտի դահլիճում: 109 կգ քաշում պայքարի մեջ մտավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը: Պոկում վարժությունն ունեցավ մեզ համար ընդունելի և հաճելի ընթացք: Սիմոնը պոկում վարժության առաջատարն էր: Սակայն հրում վարժությունում խառնվեցին բոլոր խաղաքարտերը: Սիմոնն առաջին մոտեցումը կատարեց հստակ, որից հետո պայքարի մեջ մտավ ուզբեկ մարզիկը, ով ի զարմանս մեզ, ի զարմանս հենց Սիմոնի, 234 կգ կշռող ծանրաձողը չբարձրացնելուց հետո կարողացավ գլխավերևում պահել 237-կիլոգրամանոց ծանրաձողը: Իսկ Սիմոնը գնաց 10-կիլոգրամանոց քայլի՝ 228 կիլոգրամ բարձրացնելուց հետո, պատվիրեց 238 կգ և երկու փորձից հետո չբարձրացրեց այդ քաշը: Ինչո՞ւ չստացվեց: Բոլորս տալիս ենք այս հարցը և մեզ համար փնտրում պատասխանները: Չստացվեց, քանի որ Սիմոնն ավելորդ քաշ ուներ և միայն վերջին օրերին էր քաշը գցել, չստացվեց, քանի որ Սիմոնի կյանքում դժվարին ժամանակներ են, չստացվեց, քանի որ մարզիչների սխալն էլ կար, չստացվեց, քանի որ Սիմոնը ժամանակին օգնել էր Քարվաճառից հանել Դադիվանքի խաչքարերն ու վնասել էր իրեն, չստացվեց, պարզապես չստացվեց…

Օրը սկսել էինք մեծագույն հավատով ու ավարտեցինք առավել մեծ հիասթափությամբ: Հեռանալու ենք ծանրամարտի մեկ արծաթով և գնալու ենք Փարիզ առավել հասուն, առավել իրատես դատողությամբ:

Վարվառա Հայրապետյան

Տոկիո


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]