1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի. ՀՀ վարչապետ

Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի. ՀՀ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ուղում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի տարածաշրջանում կոմունիկացիաների բացում տեղի չունենա: Այսինքն՝ Հայաստանի ապաշրջափակում տեղի չունենա: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ օգոստոսի 3-ին Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին ներկայացնելու ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը նշել է. «Ադրբեջանի վերջին՝ համարյա 30 տարվա քաղաքականությունը եղել է Հայաստանի շրջափակումը: Այսինքն՝ կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք Հայաստանի Հայրապետությունը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա: Այսինքն՝ Հայաստանի ապաշրջափակում տեղի չունենա: Սա շատ պարզ տրամաբանություն է»:

Նա հիշեցրել է, որ  նաև նախընտրական շրջանում բազմիցս խոսել է տարածաշրջանի կոմունիկացիաների բացման թեմայի շուրջ՝ հավելելով, որ սա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկն է: «Ուզում եմ շատ հստակ լինի և կարծում եմ հրապարակային հայտարարություններից էլ բոլորդ այդ եզրակացություններն արել եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Եվ ի՞նչ է անում Ադրբեջանը. փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար: Նկատի ունեմ, մասնավորապես՝ միջանցքի մասին խոսակցությունները: Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ»,- շեշտել է Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ շատ է խոսվում այն մասին, նաև՝ քաղաքական դաշտում շահարկումներ են տեղի ունենում, թե կան հայտարարություններին կից ինչ-որ գաղտնի արձանագրություններ, գաղտնի պայմանավորվածություններ: «Բացարձակապես որևէ նման բան չկա: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ դուք բոլորդ դա իմանաք:

Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա այդպիսի պայմանավորվածություն: Եվ դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: Ի՞նչ է գրված այդ հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]