Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մենք գնալու ենք Ադրբեջանի հետ սահմանին իրադրության դիվանագիտական, քաղաքական լուծման ճանապարհով. Փաշինյան

Մենք գնալու ենք Ադրբեջանի հետ սահմանին իրադրության դիվանագիտական, 
քաղաքական լուծման ճանապարհով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանի դեռ կա հնարավորություն՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, Հայաստանը գնալու է  այդ ճանապարհով: Եվ քանի դեռ Հայաստանը տեսնում է նման հնարավորություն՝ գործընթացները պիտի տարվեն հենց այդ ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ օգոստոսի 3-ին Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին ներկայացնելու ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետն արձանագրել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության շուրջ բավականին լարված իրավիճակ է՝ հավելելով, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: «Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար: Ուզում եմ արձանագրել՝ մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետևյալը. քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք  այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն՝ պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև արձանագրել է, որ, ըստ էության, Ադրբեջանը շարունակում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: «Եվ այդ քաղաքականության առանձնահատկությունը հետևյալն է՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծել է մի օրակարգ, և ինքը, ըստ էության, պարտադրում է այդ օրակարգը: Այսինքն՝ այդպիսի տպավորություն է ուզում ստեղծել:

Պիտի արձանագրենք, որ մենք մեր սեփական օրակարգն ունենք, և Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, եղել է և շարունակում է մնալ իր միջազգային պարտավորությունների շրջանակում: Եվ մի նրբության մասին նաև պիտի ձեզ տեղյակ պահեմ, որ այդ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը փորձում է սեփական մեկնաբանությունները ներկայացնել, և ինչպես բազմիցս եմ ասել, նպատակն այդ օրակարգի հարցերի լուծման վիժեցումն է: Այսինքն՝ իրականում փորձ է արվում հնարավորություն չտալ լուծել հարցեր, որոնք գտնվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում»,- ասել է վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]