Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Բադասյանը դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում հաջողության գրավականը համարում է պետական ինստիտուտների վերափոխումները

Բադասյանը դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում հաջողության 
գրավականը համարում է պետական ինստիտուտների վերափոխումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը վստահ է, որ դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտներում հաջողության գրավականը ամենօրյա բարդ, ինտենսիվ, լարված աշխատանքն է և պետական ինստիտուտների վերափոխումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բադասյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ քաղաքացիներ, այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում։ Առաջիկա երկու օրերի ընթացքում կներկայացնեմ նախարարության կատարած աշխատանքը երկու տարվա ընթացքում՝ ըստ ոլորտների։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու պաշտոնը վստահելու և աջակցության համար։ Առանց նման աջակցության մեր շատ նախաձեռնություններ կյանքի չէին կոչվի։

Շնորհակալություն եմ հայտնում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամենօրյա աջակցության, քաջալերման ու բազմաթիվ նախաձեռնություններում օգնության համար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ բազմաթիվ նախագծերում օգնության, աշխատանքի կազմակերպման և համակարգման համար, կառավարության մյուս գործընկերներին համագործակցության համար, ԱԺ մեր գործընկերներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին արդյունավետ համագործակցության և աջակցության համար։

Շնորհակալ եմ նաև մեր միջազգային գործընկերներին ֆինանսական, փորձագիտական և բարոյական աջակցության համար, առանց նման սերտ համագործակցության և աջակցության բազմաթիվ նախագծեր կյանքի չէին կոչվի։ Շնորհակալ եմ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համագործակցության, նաև քննադատության համար։

Վերջում, իհարկե, շնորհակալություն Արդարադատության նախարարության հրաշալի, աշխատասեր, բարձր պատրաստակամությամբ աշխատակազմին կատարված աշխատանքի ու ցույց տված արդյունքների համար։

Շնորհավորում եմ պարոն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ արդարադատության ոլորտում։

Հարգելի քաղաքացիներ, վստահ եմ, որ դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտներում հաջողության գրավականը, մեր երազանքների պետության կառուցումը ամենօրյա բարդ, ինտենսիվ, լարված աշխատանքն է և պետական ինստիտուտների վերափոխումները, դրանց ամրապնդումը, ժողովրդավարական համակարգին արժանի գործիքակազմի հետևողական ներդրումը»,- գրել է Բադասյանը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]