Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով 
ընդունված անձինք․ ԿԳՄՍ

 ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք ևս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունից:  

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Ընթացիկ իրավիճակը

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված է, որ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:

Մինչդեռ, ներկայում գործող «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգով»  վերոնշյալ արտոնությունը սահմանված է միայն միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունված ուսանողների համար։ Հետևաբար, փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ ընդգրկելով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձանց նույնպես:

Նախագծով առաջարկվում է նաև մեկ այլ փոփոխություն․ 2021-2022 ուսումնական տարվանից նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելությունը կազմակերպվելու է  ըստ մասնագիտությունների` որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի: Որոշման նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն և փոխատեղումը կազմակերպել առավել նպատակային՝ պահպանելով ընդունելության սկզբունքները:

 Ակնկալվող արդյունքը

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձանց իրավունքները՝ նրանց հնարավորություն ընձեռելով օգտվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված արտոնությունից։ Բացի դրանից՝ փոխատեղումը կիրականացվի առավել նպատակային, այն է՝ ըստ նույն կուրսի և մասնագիտությունների՝ որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի:

Նախագծով նաև ուժը կորցրած է ճանաչվելու «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» Կառավարության համապատասխան որոշումը, որում սահմանված արտոնությունները ներառվել են սույն որոշման նախագծում։

Նախարարությունից  տեղեկացնում են, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև օգոստոսի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]