Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

ՀՀ-ում թշնամիներ չունենք.Սիմոնյանը խոստանում է մոռանալ տարաձայնությունները, ընդդիմությունը դահլիճում չէ

ՀՀ-ում թշնամիներ չունենք.Սիմոնյանը խոստանում է մոռանալ տարաձայնությունները, 
ընդդիմությունը դահլիճում չէ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ իր՝ ՔՊ-ի հիմնադիր անդամ լինելը չի խոչընդոտելու ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում արմատական տարբեր մոտեցումների առկայության պարագայում ներխորհրդարանական աշխատանքները կազմակերպելուն և համագործակցությանն ընդդիմադիր խմբակցությունների հետ, քանի որ հայ ժողովրդի համընդհանուր շահի գիտակցումը գերակա է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում:

«Ընտրությունների անցկացման բարձր որակը փաստեցին բոլոր միջազգային դիտորդական կազմակերպությունները, հետագայում նաև ՍԴ-ն հաստատեց դրանց արդյունքները: Ուզում եմ շնորհավորել ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, որը, ցավոք, բացակայում է և «Պատիվ ունեմ» դաշինքին՝ խորհրդարան անցնելու առիթով»,-ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի թեկնածության ներկայացման ժամանակ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը: Այս երկու խմբակցությունների՝ ԱԺ նախագահի թեկնածուները կալանավորված են և ներկա չեն ԱԺ նիստին:

Սիմոնյանը նկատեց՝ 8-րդ գումարման ԱԺ-ն աշխատանքի է անցնում ՀՀ  և ողջ հայության համար դժվարագույն  ժամանակներում, ինչը ենթադրում է ավելի բարձր պատասխանատվություն, քան երբևէ:  «Մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ ներքաղաքական հարաբերություններում ունենք բազմաթիվ անհամաձայնություններ ու տարաձայնություններ: Բայց պետք է նաև աներկբա վերահաստատենք, որ ՀՀ-ում մենք թշնամիներ չունենք և չենք կարող ունենալ»,-ասաց նա:

Սիմոնյանը շեշտեց՝ թշնամանքը, ատելությունը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն ԱԺ շենքից և առհասարակ՝ առօրյայից: «2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիները չեն գնացել ընտրատեղամաս, որ մենք այստեղ իրար ատենք կամ ամբիոնից ատելության խոսք տարածենք: Բավական է, հայ ժողովուրդն առանց այդ էլ դժվար պատմական փուլ է անցնում: Եվ բոլորիս խնդրում եմ և հորդորում, որ անկախ այսօրվա քվեարկություններում գրանցված արդյունքներից՝ վերափոխվենք հանուն ՀՀ-ի, հանուն հայ մարդու: Մենք գիտենք, որ մեր երկրի անվտանգությունն առաջնային և կարևորագույն խնդիրներից է»,-ասաց նա:

Ընտրվելու պարագայում Սիմոնյանը խոստացավ, որ իր առաջնային խնդիրներից է լինելու ապահովել ԱԺ-ի անխափան գործունեությունը և արդյունավետությունը: Նա բազմաթիվ անելիքներ է տեսնում արտաքին հարաբերությունների ոլորտներում: «ԱԺ-ն այդ տեսանկյունից լավագույն հնարավորությունն  է բոլորիս համար, և այստեղ նույնպես անելիքներ կան»,-նշեց նա:

Հաջորդ կարևորագույն գործը Սիմոնյանը համարեց օրենսդիր գործունեության ապահովումը:

«Այսօր մենք ունենք համատեղ աշխատանքի հնարավորություն: 8-րդ գումարման ԱԺ-ի մեկնարկը յուրահատուկ զրոյական կետ է, որտեղ բոլորս մեր աշխատանքի, ոճի և ապագա անելիքի տրամաբանության ձևավորման հիմքն ենք դնելու: Ոչ մի անհնար բան մեզ համար չկա: Պետք է միայն քաղաքական կամք և գիտակցում, որ մեր երկրի ապագան կերտում ենք հիմա: Ընտրվելու պարագայում բաց եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի  նպաստ մեր պետության և ժողովրդի: Ես պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները՝ հանուն մեծ նպատակի »,-ասաց նա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]