Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Քննչական կոմիտեն ոստիկանությանը հանձնարարել է ձերբակալել Երևանում սպանության փորձ կատարած անձին

Քննչական կոմիտեն ոստիկանությանը հանձնարարել է ձերբակալել Երևանում 
սպանության փորձ կատարած անձին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում 2021թ. օգոստոսի 1-ի ժամը 00:55-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ  Երևան քաղաքի Սախարովի հրապարակի մոտ իր ավտոմեքենայի վրա կրակել են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված միջոցառումների արդունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:55-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցում՝ «Վերնիսաժ» տոնավաճառի ուղղությամբ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել վերոնշյալ քաղաքացու «Ռենջ Ռովեռ Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 8 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ նշված ավտոմեքենայի զննությամբ` վարորդի դռան ուղղությամբ հայտնաբերվել է կրակված 5 հետք: Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները, նշանակվել դատաձգաբանական փորձաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ նրան ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]