Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

«Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը»․Հայկ Չոբանյան այցելել է Պոլիտեխնիկական համալսարան

«Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը»․Հայկ Չոբանյան 
այցելել է Պոլիտեխնիկական համալսարան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 30-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ): «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից:

«Այսօր մեր ամենամեծ խնդիրներն ու բոլոր լուծումները կրթության ոլորտում են։ Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը և արդյունաբերությունն առաջ տանող թիվ 1 դրոշակակիրը։ Այս համալսարանի միջազգայնացումը կրիտիկական նշանակություն ունի։ Այս կազմով, որտեղ ներկա են Կառավարությունը, համալսարանը և ոլորտը, ամենաբարձր հավակնությամբ պետք է մեր առջև խնդիր դնենք, որպեսզի Պոլիտեխնիկը դառնա աշխարհի ամենաբարձր կրթական որակ ապահովող հաստատություններից մեկը։ Մինչև 2021 թվականի ավարտը պետք է ունենաք Պոլիտեխնիկի համապարփակ զարգացման ծրագիրը»- նշել է Հայկ Չոբանյանը։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի, ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի և համալսարանի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել ՀԱՊՀ-ում գործող «Խելացի լուծումներ» կենտրոնում, ծանոթացել կենտրոնի վերանորոգված և սարքավորումներով հագեցած լաբորատոր լսարաններին, կենտրոնի կողմից բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով իրականացվող դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկացմամբ՝ հաջորդիվ նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամ Արիկ Մելիքյանի անունը կրող Օդային ռոբոտատեխնիկայի  ուսումնահետազոտական  կենտրոն, որը զբաղվում է անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմամբ և այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստմամբ։ Կենտրոնի տնօրեն Օլեգ Գասպարյանը Հայկ Չոբանյանին է ներկայացրել համալրված շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համակարգերի շնորհիվ իրենց մշակած մոդելները, խոսել կենտրոնի ձեռքբերումներից և խնդիրներից։ «Օլեգ Գասպարյանը նշել է, որ կենտրոնը մեծապես նպաստում է ինժեներական կրթության որակի բարելավմանը, գիտակրթական ծրագրերում երիտասարդ գիտնականների և բարձր կուրսերի ուսանողության առավել լայն ներգրավմանն ու մասնագիտական հեղինակության բարձրացման աջակցմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այնուհետև, նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀԱՊՀ-ում գործող մի շարք լաբորատորիաներով և եզակի սարքավորումներով հագեցած  «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»: Գիտական աշխատանքների, ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի պետ Արմինե Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է հարթակի մաս կազմող փորձագիտական կենտրոնը, ինովացիոն ծառայության տարածքը, ժամանակակից սարքավորումներով համալրված լաբորատորիաները, ՀԱՊՀ-ի գործունեության արդյունքների ապրանքայնացման և առևտրայնացման նպատակով ստեղծված  գործիքները, խոսել է ինովացիոն ծառայությունների և ինովացիոն պորտալի մասին։

Նախարարությունից հայտնում են, որ շրջայցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված՝ աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված Գերազանցության կենտրոն։ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դռնոյանը Հայկ Չոբանյանին ներկայացրել է էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների նորագույն սարքավորումները: ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշել է, որ նախարարությունը պետք է կատալիզատորի դեր կատարի համալսարանի և բիզնեսի միջև, ուղղորդի բուհերին անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու հարցում։

Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում Գոռ Վարդանյանը, նախարարի պաշտոնակատարին է ներկայացնել ՀԱՊՀ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու զարգացման տեսլականը։ ՀՀ ԲՏԱՆ և ՀԱՊՀ ներկայացուցիչները քննարկել են նախարարության և համալսարանի համագործակցության հեռանկարները։

Կարևորելով այդ բուհի բացառիկ դերը մեր երկրի զարգացման գործում, իբրև արդյունաբերության թիվ 1 հենարանի, Հայկ Չոբանյանը նշել է, որ որքան  բարձր լինեն ոլորտի մասնագետների որակական և քանակական ցուցանիշները, այնքան բարձր կլինի մեր երկրի արդյունաբերության ցուցանիշը։

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է  նաև ՀԱՊՀ-ի միջազգայնացման, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման, կրթության և բիզնես ոլորտների համագործակցության հարցերին։

 

 

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]